16.01.2019 12:08

Արյունալի բախումներ Զիմբաբվեում՝ բենզինի գների բարձրացման պատճառով

Արյունալի բախումներ Զիմբաբվեում՝ բենզինի գների բարձրացման պատճառով

Զիմբաբվեում բենզինի գների կրկնակի բարձրացման պատճառով բռնկված բողոքի գործողությունների ընթացքում զոհվել է մի քանի մարդ: Սակայն դա չի խանգարել, որ երկրի նախագահ Էմերսոն Մնանգագվան պաշտոնական այցով մեկնի Ռուսաստան՝ քննարկելու ռուսաստանյան բիզնեսի մասնակցության հարցը ալմաստի արդյունահանման գործում:

Ցույցեր են տեղի ունեցել մայրաքաղաք Հարարեում և այլ քաղաքներում: Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են: Հարարեում առնվազն 13 մարդ հրազենային վիրավորում է ստացել, հաղորդել է France Presse-ը՝ հղում անելով Զիմբաբվեում իրավապաշտպան բժիշկների ընկերությանը:

Ազգային անվտանգության նախարար Օուեն Նկուբեն հաստատել է մի քանի ցուցարարների մահը, սակայն նրանց թիվը չի նշել: Նա կատարվածի պատասխանատվությունը դրել է ընդդիմության և իրավապաշտպան խմբերի վրա:

Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան  հունվարի 12-ին հայտարարել էր, որ բենզինի գնի բարձրացումը կապված է դրա նկատմամբ պահանջարկի մեծացման, վառելիքի պակասի և  դրա՝ մեծ ծավալներով  ապօրինի վաճառքի հետ:

Փոխանցում է BBC-ն: