16.01.2019 16:15

Բա Դաշնակցությունն ի՞նչ կապ ունի հեղափոխության հետ

Բա Դաշնակցությունն ի՞նչ կապ ունի հեղափոխության հետ

«Նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները եւ անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը»:

Այս խոսքերի հեղինակը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է: Նման հայտարարություն վերջինս արել է Ստեփանակերտում՝ ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի բացման ժամանակ:   

Մարգարյանը հավելել է նաեւ, թե «բայց սա դեռ ամենավտանգավորը չէ: Անփորձությամբ, սխալ կառավարմամբ և անորակ կադրերով իշխանությունները կարող են վատագույն դեպքում երկիրը մի քանի տարով հետ գցել իր բնականոն զարգացումից»:

Ահա այսպիսի մտահոգություններ է արտահայտել ընկեր Մարգարյանը: Հիմա հասկանանք. փաստորեն՝ պարոն Մարգարյանը ոչ միայն մտահոգություններ է արտահայտում ներկա իշխանությունների կառավարման վերաբերյալ (ցանկացած մարդ էլ կարող է ցանկացած հարցում մտահոգություն հայտնել փաստարկված, քանզի դա իր սահմանադրական իրավունքն է), այլեւ դա անում է հեղափոխության հեղինակի դիրքերից: Բայց հարցն այն չէ, որ իշխանությունները, բնականաբար, ինչ-որ հարցերում կարող են եւ անում են սխալներ, եւ կանեն, եւ բոլոր ադեկվատ մարդիկ էլ դրանք կբարձրաձայնեն, հարցն այն է, թե ինչ կապ ունի այս հեղափոխության հետ ՀՅԴ-ն:

Մոռացածների համար հիշեցնենք, որ ՀՅԴ-ն այս հեղափոխության մեկնարկի եւ կայացման հետ կապ ունի այնքան, որքան Արթուր Բաղդասարյանն ու իր ՕԵԿ-ը:

 ՀՅԴ-ն, որ հերթական կոալիցիոն հուշագիրն էր ստորագրել իշխող ՀՀԿ-ի հետ, դեռ անցած տարվա փետրվարին հայտարարարում էր, որ այն ժամանակվա (մեկ տարի առաջվա՝ Սերժ Սարգսյանի) Հայաստանում «համակարգային, որակական բարեփոխումները խորացնելու, անշրջելի դարձնելու անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծված», «արդարադատություն երաշխավորող դատական անկախ համակարգի ձևավորման գործընթաց է սկսվել», «ստեղծվել է երկրի միջազգային հեղինակության բարձրացման և բազմավեկտոր, փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտ միջավայր», «վերջին տարիների համեմատ արձանագրվել է աննախադեպ տնտեսական աճ, կտրուկ ավելացել է արտահանման ծավալը, էականորեն բարելավվել է հարկային և մաքսային վարչարարությունը, գերակատարվել է 2017թ. բյուջեն, ընթացքի մեջ են մի շարք ներդրումային ծրագրեր, մարզերում տնտեսական աշխուժության նշաններ կան»:

Անցած տարվա ապրիլի սկզբին նույն Հրանտ Մարգարյանը հայտարարում էր, թե ՀՅԴ-ն վարչապետի պաշտոնում կսատարի իշխող Հանրապետական կուսակցության ներկայացրած ցանկացած թեկնածուի:

«Ով էլ լինի նրանց թեկնածուն, մենք կողջունենք, որովհետև կոալիցիոն հուշագրում նշված է, որ վարչապետի թեկնածու առաջադրում է Հանրապետական կուսակցությունը, քանի որ նրանք մեծամասնություն են: Ում իրենք որոշեն առաջադրել, մենք կընտրենք, քանի որ ով ունի մեծամասնություն, նա էլ պետք է առաջադրի վարչապետի թեկնածու»,- ասում էր Մարգարյանը:

Այսինքն, դեռ անցած տարվա սկզբին, երբ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ իշխանության էր, ամեն բան լավ էր ընթանում՝ չհաշված որոշ խնդիրներ: Բայց Փաշինյանը սկսեց իր քայլերթը, հասավ Երեւան, սկսվեցին համահայաստանյան ցույցերը, հետո ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ դրանից ահա երկու օր անց՝ ապրիլի 25-ին, այսինքն, երբ Սերժ Սարգսյանը արդեն հեռացել էր իշխանությունից, եւ հեղափոխության ամենագլխավոր ու բարդ փուլը հաղթահարված էր, ՀՅԴ-ն հայտարարեց, որ լքում է կոալիցիան եւ պահանջում է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում: Բայց այս պատմության ամենաէական մասն այն է, որ Սարգսյանի հրաժարականից հետո հեղափոխական դարձած կուսակցությունը դիրքավորվեց հեղափոխություն արածի դիրքերում, եւ մեզ՝ հանրության հետ սկսեց խոսել հենց այդ դիրքերից: Եւ հիմա էլ, վերջին պահին՝ վտանգն անցնելուց հետո հեղափոխությանը միացած ուժի ղեկավարը բուն հեղափոխության հեղինակին մեղադրում է այն բանում, որ նրանք չեն արտահայտում «ժողովրդական շարժման տրամադրությունները»:

Բայց Հրանտ Մարգարյանի պարագայում նման վարքը թերեւս նորմալ է: Ընդամենը մեկ ամիս առաջ  էլ նույն Մարգարյանը ՀՅԴ-ին էր վերագրել նաեւ ղարաբաղյան շարժումը (ասում էր՝ «ՀՅԴ-ն, իբրեւ Հայաստան վերադարձած նոր կազմակերպություն, գերազանցեց ինքն իրեն` կազմակերպելով եւ առաջ տանելով ղարաբաղյան պայքարը»)՝ առանց ամաչելու, մոռանալով, որ այդ ամենը իրապես կազմակերպած անձինք ողջ են եւ լսում են իրեն, որ կան այդ տարիների ու իրադարձությունների հարյուր հազարավոր վկաներ, որոնք դեռ հիշում են, թե իրականում ամեն բան ինչպես է եղել:

Հ.Գ. Բայց մի լավ նորություն էլ կար, այդուհանդերձ: Մարգարյանը հայտարարեց, որ թեկնածությունը չի առաջադրելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։ «Այսօր հայտնվել ենք մի հանգրվանում, ուր վերադիրքավորվելու անհրաժեշտություն կա: Այդ վերադիրքավորման համար անհրաժեշտ են նաև որոշակի փոփոխություններ: Եվ առաջին փոփոխությունը, որն առաջարկում եմ՝ ինձանից սկսելն է»,- ասել է Մարգարյանը:

Հակոբ Սարգսյան