16.01.2019 17:00

Ղրղզական ընդդիմությունն առաջարկում է ռուսերենը զրկել պաշտոնական լեզվի կարգավիճակից

Ղրղզական ընդդիմությունն առաջարկում է ռուսերենը զրկել պաշտոնական լեզվի կարգավիճակից

Ղրղզստանի ավելի քան 40 ընդդիմադիր շարժումներ առաջարկում են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, այդ թվում՝ ռուսերենը զրկել պաշտոնական լեզվի կարգավիճակից, լրագրողներին տեղեկացրել է հանրապետության նախկին գլխավոր դատախազ Ազիմբեկ Բեկնազարովը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը սահմանադրական հանրաքվե է նախապատրաստում և քննարկում է այն հարցերը, որոնք կդրվեն համաժողովրդական քվեարկության:

«Ռուսաց լեզուն մեզ պետք է, սակայն՝ որպես միջազգային հաղորդակցության լեզու, իսկ պետական լեզուն պետք է լինի ղրղզերենը»,- հայտարարել է Բեկնազարովը:

Նա պարզաբանել է, որ ռուսերենը պետք է Ղրղզստանում դասավանդվի ամենուր, անգլերենին զուգահեռ, սակայն գործավարությունը պետք է վարվի բացառապես ղրղզերենով, ելույթներն ու միջոցառումները նույնպես պետք է անցկացվեն բացառապես պետական լեզվով:

Ռուսերենի պաշտոնական կարգավիճակը Ղրղզստանի սահմանադրությունում ամրագրվել է 2000-ական թթ. սկզբին:

Փոխանցում է Interfax-ը: