16.01.2019 20:32

Ժողովուրդներին պատրաստել խաղաղության. Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ հունվարի 16-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ինչպես փոխանցում են ԱԳՆ-ից, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը:

Հանդիպման նոր ժամկետները դեռևս չեն հաստատվել, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնել են առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները:  

Նշենք, որ ԼՂ հակամարտությանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2018 թվականի արդյունքներին նվիրված մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Լավրովն ասել է. «Այս ամիս պլանավորվում է Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից համանախագահների հերթական շփումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Այնպես որ, կարծում եմ, այս ուղղությամբ էլ մենք կկարողանանք օժանդակել հակամարտության կարգավորմանը, որը ձգձգվածի գծեր է ձեռք բերել, բայց որը միանգամայն ենթակա է լուծման Երեւանի ու Բաքվի բարի կամքի առկայության եւ միջազգային հանրության՝ ի դեմս համանախագահների աջակցության դեպքում»: