17.01.2019 13:32

Միջնորդները ծրագրում են մոտ ապագայում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

Միջնորդները ծրագրում են մոտ ապագայում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մոտ ապագայում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ: Այդ մասին «Ազատության» փոխանցմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները հայտնել են Փարիզում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև խորհրդակցությունների արդյունքներով երեկ ուշ երեկոյան հրապարակած հայտարարությունում:

«Նախարարները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող թեմաների լայն շարք և համաձայնեցին բնակչություններին խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ», - ասված է համանախագահների հայտարարությունում, որը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում:

Հանդիպումների ժամանակ համանախագահները նախարարների հետ դիտարկել են «առանցքային սկզբունքներ և պարամետրեր բանակցային գործընթացի ներկայիս փուլի համար», նշված է հայտարարությունում:

«Նախարարները և համանախագահները քննարկեցին Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև հնարավոր գագաթնաժողովի ուղղությամբ հետագա քայլերը՝ բանակցությունների դինամիկային ուժեղ իմպուլս հաղորդելու նպատակով», - ասված է Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի հայտարարությունում: - «Համանախագահներն ընդգծեցին տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը միտված հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը»:

Միջնորդները հայտնում են, որ նախարարների հետ նախ առանձին, ապա՝ համատեղ հանդիպումներ են ունեցել: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի պետքարտուղար Յան-Բատիստ Լըմուանը բանակցությունների մասնակիցների հետ քննարկել է դրանց արդյունքները: Համանախագահներին ընդունել են Ելիսեյան պալատում, որտեղ նրանք բանակցությունների արդյունքները ներկայացրել են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի դիվանագիտական հարցերով խորհրդականներին:

«Մասնակիցները նախարարներին իրենց գնահատանքը հայտնեցին արդյունքների միտված ինտենսիվ բանակցությունների համար նպաստավոր միջավայրը պահպանելու՝ կողմերի շարունակական ջանքերի համար», - ասված է հայտարարությունում: