17.01.2019 13:48

«Ժամանակ գրեթե չկա». ԵՄ-ի արձագանքը Brexit-ի պայմանագրի տապալմանը

«Ժամանակ գրեթե չկա». ԵՄ-ի արձագանքը Brexit-ի պայմանագրի տապալմանը

Անցած երեքշաբթի՝ հունվարի 15-ին, բրիտանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ մերժեց Brexit-ի վերաբերյալ Բրիտանիայի կառավարության և Եվրամիության միջև համաձայնեցված պայմանագրի նախագիծը:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կարծիքով՝  այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը մերժել է ԵՄ-ի հետ պայմանգրի առաջարկված տարբերակը, Բրիտանիան պետք է մնա Եվրամիության կազմում:

 «Եթե գործարքն անհնար է, և ոչ ոք չի ուզում Brexit՝ առանց պայմանագրի, ապա ո՞վ քաջություն կունենա ասելու, թե ինչպիսին կլինի միակ հնարավոր դրական լուծումը»,- Twitter-ում գրել է Տուսկը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նախազգուշացրել է, որ Բրիտանիայի համար ԵՄ-ի հետ փոխշահավետ պայմանագիր կնքելու ժամանակն սպառվում է:

«Ես Միացյալ Թագավորությանը կոչ եմ անում հնարավորինս արագ պարզաբանել իր մտադրությունները: Ժամանակ արդեն գրեթե չկա,- ասել է Յունկերը Համայնքների պալատում քվեարկության ավարտից անմիջապես հետո և հավելել:- ԵՄ-ից Բրիտանիայի հախուռն ելքի ռիսկը նշանակալիորեն մեծացել է այս քվեարկությունից հետո»:

Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն նույնպես ընդգծել է, որ Բրիտանիան պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի, թե ինչ է անելու:

Փոխանցում է BBC-ն: