17.01.2019 14:02

Լիզա Ճաղարյան. «Ոչ թե վատ, այլ շա՛տ վատ վիճակում» է մեր լրագրությունը

Լիզա Ճաղարյան. «Ոչ թե վատ, այլ շա՛տ վատ վիճակում» է մեր լրագրությունը

Կարիք կա՞ անդրադառնալու լրատվական դաշտը հեղեղած էժանագին, ցածրորակ ու անբարո հրապարակումներին։

Ընդամենը մեկ «անմեղ» օրինակ քննարկենք, եւ թող ընթերցողը որոշի՝ կարիք կա՞, թե չկա։

Երեկ ֆեյսբուքահայության ճնշող մեծամասնությունը շա՛տ լրջորեն քննարկում էր նոր իշխանության հերթական «խայտառակությունը», ըստ որի՝ Հրազդանի քաղաքապետն արգելել է կարճ զգեստ հագնել։

‹‹Armcomedy››-ն հումոր է արել, բայց քանի որ «մոռացել է» տեքստի գլխին ու տակը գրել, որ հումոր է, շատ-շատերը գլխի չեն ընկել, որ կատակ է։

Զարմանալի չէ. մեր հասարակությունն իրոք հումորի ընկալունակության հարցում երկու ոտքից կաղում է, ա՛յն աստիճանի է կաղում, որ նույնիսկ «Արմքոմեդի» անունը ոմանց չի օգնում կողմնորոշվել՝ ո՛րն է հավաստի լուր, որը՝ զավեշտ։

Այս թյուրըմբռնմանը հետեւել է Հրազդանի երիտասարդ քաղաքապետի պարզաբանումը։ Ահավասիկ. «Հարգելի քաղաքացիներ, երեկ ‹‹Armcomedy›› հումորային կայքում ‹‹Հրազդանում կարգելվի կարճ շրջազգեստ կրել›› վերնագրով նյութ է հրապարակվել, որն ի զարմանս ինձ լայն տարածում է գտել և լուրջ է ընկալվել հասարակության մի որոշ հատվածում:
Հարգելիներս, ArmComedy-ն լրատվական կայք չէ, այլ միմիայն երկու մարդկանց երգիծական երևակայության արդյունք, ինչպես նշված է իրենց իսկ կայքում: Ուստի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նյութն իրականությանը չի համապատասխանում և ամբողջությամբ հորինվածք է»:

Կարդացի՞ք։ Կարող եք ազատորեն քննարկել՝ լա՞վ է, որ քաղաքապետը պարզաբանել է խնդիրը, թե՞ դրա կարիքը չկար։ Կամ՝ եթե կարիք կար, գուցե ճիշտ կլիներ, որ քաղաքապետի մամուլի խոսնա՞կը պարզաբաներ։ Կամ՝ տեքստը հաջո՞ղ է ձեւակերպված, թե՞ անհաջող։

Քննարկողը թող շարունակի քննարկել, իսկ մենք տեսնենք, թե այս հայտարարության տակից ինչ «հորթ» է հանել «ամենահալածյալ» կայքի «անաչառագույն» լրագրողը։

Նախ՝ վերնագիրը կարդանք. «Քաղաքապետը գործ կհարուցի՞...»։

Իրավական անգրագիտության վրա չսեւեռվենք (մեծ ցանկության դեպքում անգամ՝ քաղաքապետը չի կարող «գործ հարուցել», ընդամենը կարող է հայց ներկայացնել համապատասխան ատյան, որն էլ կորոշի՝ գործ հարուցել, թե չհարուցել)։

Մի անգամ էլ կարդացեք Հրազդանի քաղաքապետի գրառումը։ Որեւէ ակնարկ, ակնարկի նշույլ, հյուլե նկատեցի՞ք «գործ հարուցելու» մտադրության մասին։

Մի փնտրեք, չեք գտնի։

Իսկ ահա «ամենահալածյալ» կայքի «անաչառագույն» լրագրողը հայտնաբերել է այդ դատապարտելի մտադրությունը, ավելին՝ իր «հայտնագործությունը» դաջել է տեքստի գլխին եւ վերջում էլ թոքերի խորքերից ծանրածանր թառանչ է արտանետել տիեզերք. «Իրոք, ոչ թե վատ, այլ շատ վատ վիճակում ենք․․․ Մնում է, որ քաղաքապետը գործ հարուցի տղաների վրա՝ «հիվանդ երևակայությամբ» մարդկանց անհանգստացնելու համար»։

Կրկնեմ. լրատվական դաշտում իշխող անբարո իրավիճակի ամենաանմեղ օրինակներից էր սա։

Մնացածը պատկերացնելը դժվար չէ։