18.01.2019 11:00

Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ

Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի դիտարկումները եւ հանդիպումները շարունակվում են Մադրիդում: Հունվարի 16-ին հայ մարզիչներն այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, ծանոթացել բոլոր ենթակառուցվածքներին, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Մարզիչներին ներկայացվել է մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ: Կայացել է հանդիպում նաեւ «Ռեալի»՝ ֆուտբոլիստների վերականգնման հարցերով զբաղվող մասնագետի հետ, որն աշխատում է վնասվածք ստացած խաղացողների հետ: Նա ներկայացրել է, թե ինչ փուլերով են անցնում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վերականգնման ընթացքում:

Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հանդիպել են Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին, որը պատմել է իր փորձի մասին եւ պատրաստակամություն հայտնել հետագայում էլ օգտակար լինել իր խորհուրդներով: Հայ մարզիչները հանդիպել են նաեւ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտիեսին: Հայկական պատվիրակությունը երկու ֆուտբոլիստներին էլ հանձնել է հուշանվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Երեկոյան մարզիչները ներկա են եղել նաեւ «Աթլետիկո» - «Ժիրոնա» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը (3:3):

Հիշեցնենք, որ այս օրերին Իսպանիայում են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլուդաղյանցը եւ նրա օգնականներ Սուրեն Չախալյանն ու Աշոտ Ավետիսյանը: Իսպանիայի մայրաքաղաքում նրանց են միացել նաեւ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: