18.01.2019 18:50

Արսեն Գրիգորյան. Սրբագրել ժողովրդին

Արսեն Գրիգորյան. Սրբագրել ժողովրդին

Ի՞նչ է ընդդիմությունը: Այն իշխանության զգոնությունն է: Ընդդիմությունը միայն քաղաքական ուժը չէ, այլ՝ ժողովուրդը, որն ընդդիմությանը պատվիրակում է մտահոգություն:

Ամբողջ աշխարհում ընդդիմությունները լինում են փոքրաթիվ: Նրանք չեն կարող իրենց քաղաքական մասնակցությամբ գերազանցել իշխանությանը: Սակայն նրանց մեծամասնություն է դարձնում ժողովուրդը: Որովհետեւ ժողովուրդը քաղաքական իրականության հոտառությունն է: Եթե ինքն այդ իրականության մեջ չկա, ձեւակերպում է իրենը: Այսօր, մենք, այո, ունենք ընդդիմության խնդիր: Բայց դա այն պատճառով, որ չունենք 100 տոկոսանոց քաղաքական իրականություն: Ժողովուրդն ըստ էության ընտրել է միայն իշխանություն, որովհետեւ ինքն իր էությամբ ու բնազդով այսօր միայն իշխանություն է:

Այսօր Հայաստանում անիմաստ է խոսել ընդդիմության փնտրտուքի մասին: Դա չի նշանակում, որ իշխանությանն ընդդիմություն պետք չէ: Ժողովուրդը կա, նա ոչ մի տեղ չի փախչի: Այդ ընդդիմությունը կձեւավորվի հենց խորհրդարանի ներսում, որովհետեւ իշխանությունն իր բնույթով միշտ ունենում է զգոնության դեֆիցիտ: Խորհրդարանից դուրս գործող քաղաքական ուժերը նույնպես հայտ կներկայացնեն: Բայց խորհրդարանից դուրս փոքրիկ խնդիր կա: Միջավայրը կարող են պղտորել ազգայնական եւ նախորդ իշխանություններին հարող ուժերը, որոնք ֆինանսներ ունեն: Իսկ այսպիսի միջավայրից ծնվող ընդդիմությունները կամ ռեւանշիստներ են կամ հակապետական ուժեր, որոնք ժողովրդին չվերաբերող խնդիրներ ունեն լուծելու: Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ չենք եւ մեր փորձությունները միշտ ներսից են:

Մենք ըստ էության դասական ընդդիմության մշակույթ չենք ունեցել հենց ոչ ստանդարտ իշխանությունների բերումով: Այսօր դրա հնարավորությունը կա, որովհետեւ կա ամենաէականը՝ իշխանությունը պատվիրակված է: Վերջին 20 տարում ընդդիմությունը որպես մտածողություն եղել է անփոփոխ, թեպետ ընդդիմադիրները եկել ու գնացել են: Ինքնին գաղափարը չի փոխվել, որովհետեւ ամեն մեղադրանքի հիմքում ոչ լեգիտիմ իշխանությունն էր՝ ինքն իրենով մեղադրանք: Նոր իշխանությունը վախենալու բան ունի, բայց ինքն իրենից:

Ամենասարսափելին այն է, որ հանկարծ անհրաժեշտություն չառաջանա, որ ինքը ձեւակերպի իր ընդդիմության սահմանները: Որովհետեւ հենց սահմանեց, ինչ-որ մի ուժի կնշանակի ընդդիմություն: Իսկ հիմնական խնդիրն այն է, որ նույնիսկ խորհրդարանի ընտրություններից հետո մենք դասական առումով դեռ իշխանություն չունենք, որովհետեւ գործող իշխանությունը դեռ սրբագրող է: Այսինքն, նրա ինքնագործունեությունը թելադրված է նախկին իշխանությունների սարսափելի սխալներով: Ինքը դեռ իր դաշտում չի խաղում: Ինքը մտել է նախորդների կողմից գրավված մի տարածք, որն ամայացվել է մոլախոտերով:

Այս իշխանությունը պատվիրակված է ժողովրդից, բայց նա դեռ պետք է կարողանա սրբագրել նույնիսկ ժողովրդին: Ինչու՞: Որովհետեւ ժողովուրդը ձեւակերպել է ապօրինության դեմ պայքարը, բայց նա իր հարմարավետության ուղիները չի ձեւակերպել: Իշխանությունը պետք է կարողանա բացատրել, որ մեր ժամանակները շատ բանով նման են 90-ականներին՝ երբ մարտահրավերները հաճախ հաղթահարվում էին ի հաշիվ հարմարավետության: Նոր իշխանությունն ունի սիրո ահռելի պաշար: Դա նշանակում է, որ մարտահրավերների հետ ցավոտ աշխատանքը ընկալվելու դաշտ ունի, այսինքն, ժողովուրդը կհասկանա իշխանությանը, եթե նրան ճիշտ բացատրեն: Մնում է չքնել այդ սիրո մեջ այն հույսով, որ օրն ավարտվում է, իսկ սերը՝ ոչ: