19.01.2019 21:47

Այդ նենգության պատվիրատուն Քոչարյանն է

Այդ նենգության պատվիրատուն Քոչարյանն է

5-րդ ալիքը ցուցադրել է, իբր, «վավերագրական» ֆիլմ 2008 թ. Մարտի 1-ի իրադարձությունների մասին, որտեղ, ըստ էության, ամբողջությամբ խեղաթյուրվել են այդ իրադարձությունները եւ, կարծես, ծառայեցվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությանը: Ֆիլմի կադրերում երեւում են նաեւ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, մարտիմեկյան սպանդի զոհերի հարազատները, այլ անձինք, որոնք 10 տարի պայքարել են Մարտի 1-ի բացահայտման համար: Ինչպես է ստացվել, որ իրականում այդ իրադարձությունների մասին Ռոբերտ Քոչարյանի տեսակետը ներկայացնող ֆիլմում նկարահանվել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:

Այս կապակցությամբ մեկնաբանություն տալու մեր խնդրանքին ի պատասխան`  Արամ Մանուկյանը պատմեց.

-Այս տարի աշնանը, կարծեմ՝ սեպտեմբեր ամսին, մեզ հետ կապվեց այդ ֆիլմի ստեղծագործական խմբի ռեժիսոր Դմիտրի Նովոկշոնովը եւ խնդրեց աջակցել, քանի որ մտադրություն ուներ անկողմնակալ ֆիլմ նկարելու մարտի 1-ի զոհերի մասին: Ոչ թե իրադարձությունների, ոչ թե քաղաքական բաղկացուցչի, այլ հենց զոհերի մասին: Փաստորեն, չարաշահելով մեր վստահությունը, այդ անձնավորությունը, մեր աջակցությամբ, հանդիպեց զոհերի հարազատների հետ, եւ նրանք նույնպես համաձայնեցին իրենց ներդրումն ունենալ մարտի 1-ի մասին ճշմարտության տարածման գործում:

Երեկ ինձ տեղեկացրին, որ նշված հեռուստատեսությամբ, որը հասարակության շրջանում հայտնի է որպես Քոչարյանի սեփականություն, ցուցադրվում է խայտառակ մի ֆիլմ:

Արդեն ակնհայտ է, որ այդ նենգության պատվիրատուն Քոչարյանն է, որն անհաջող հնարքներով փորձում է սրբագրել մարտիմեկյան սպանդին իր առանցքային դերակատարությունը: 

Ուզում եմ սակայն, ասել, որ դա չի հաջողվելու երկու պատճառով.

Առաջինը՝ որ ողջ ժողովրդին եւ աշխարհին հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտի մեկին եւ դրան հաջորդող ու նախորդող օրերին:

Երկրորդ՝ Քոչարյանն այնպիսի խորը ատելություն է վաստակել, որ որեւէ հնարքով` հատկապես նման ստոր հնարքներով, հնարավոր չի լինելու իր նկատմամբ ձեւավորված ատելությունը գոնե մի փոքր չեզոքացնել: