21.01.2019 14:40

Ո՞ւմն է Լուսինը, և ո՞ւմ են պատկանում նրա օգտակար հանածոները

Ո՞ւմն է Լուսինը, և ո՞ւմ են պատկանում  նրա օգտակար հանածոները

Մի քանի ընկերություններ լրջորեն քննարկում են Լուսնի վրա օգտակար հանածոների արդյունահանման հնարավորությունը: Բայց արդյո՞ք կան այդ գործընթացը կարգավորող ինչ-որ կանոններ, և, ըստ էության՝ ո՞ւմ են պատկանում Լուսնի ընդերքի գանձերը:

Հիսուն տարի է անցել այն պահից, երբ առաջին մարդը՝  Նիլ Արմսթրոնգը, ոտք դրել Լուսնի մակերևույթին: «Սա մի փոքր քայլ էր մարդու համար, և հսկայական թռիչք՝ մարդկության համար», -ասել է ամերիկացի աստղագնացը, և նրա այս խոսքը թևավոր է դարձել:

Այնուհետև Արմսթրոնգին հաջորդել էր նրա գործընկեր Բազ Օլդրինը: Ցած իջնելով «Արծիվ» լուսնային մոդուլի աստիճաններից՝ նա հայացք էր նետել ամայի լանդշաֆտին և բացականչել. «Հոյակապ ամայություն»:

Նրանք երկուսն էլ «Ապոլոն 11» առաքելության մասնակիցներ էին, որը կայացել է 1969 թ. հուլիսին: Վերջին անգամ մարդը Լուսնի վրա քայլել է 1972 թ., սակայն առաջիկայում  իրավիճակը կարող է արմատապես փոխվել:

1979 թ. ՄԱԿ-ում Համաձայնագիր է ընդունվել Լուսնի վրա պետությունների գործունեության և նրա ընդերքի շահագործման վերաբերյալ, որը անվանում են նաև «Լուսնային պայմանագիր»: Այդ փաստաթղթում արձանագրված է Լուսնի բացառապես խաղաղ օգտագործման սկզբունքը և ընդգծվում, որ լուսնային կայանների շինարարությունը և տեղակայումն անհրաժեշտ է համաձայնեցնել ՄԱԿ-ի հետ՝ նաև պարզաբանելով դրանց կառուցման պատճառները: Փաստաթղթում նաև ասվում է, որ Լուսինը և նրա օգտակար հանածոները ամբողջ մարդկության ընդհանուր սեփականությունն են:

«Լուսնայի պայմանագրի» հիմնական խնդիրն այն է, որ այդ փաստաթուղթը վավերացրել է ընդամենը 11 երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան և Հնդկաստանը: Տիեզերական ծրագրեր ունեցող մյուս երկրները, այդ թվում՝ Չինաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը,  Բրիտանիան, փաստաթուղթը չեն ստորագրել:

Փոխանցում է BBC-ն: