21.01.2019 15:31

Լիզա Ճաղարյան. Քոչարյանի ֆիլմ-կեղծիքը՝ ծախու ԶԼՄ-ների հայելի

Լիզա Ճաղարյան. Քոչարյանի ֆիլմ-կեղծիքը՝ ծախու ԶԼՄ-ների հայելի

Մինչ որոշ լրատվամիջոցներ էժանագին ծվծվոցներով փորձում են հալածյալի լուսապսակով ներկայանալ հանրությանը, բանտախցում նստած գլխավոր ամբաստանյալը սրանց անխնա դիմակազերծում է։

Ընդամենը մեկ օրում ի՞նչ ապացուցեց Քոչարյանի պատվերով ու հայաստանցիներից թալանած գումարի դիմաց օտարների նկարահանած եւ նշյալ ամբաստանյալին պատկանող հեռուստաալիքով 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին ցուցադրված ֆիլմ-կեղծիքը։

Նախ ապացուցեց ամենակարեւորը՝ Ռոբերտ Քոչարյանի միակ արժանի բնակավայրը բանտախուցն է։ Լկտի կեղծիքներով եւ խեղաթյուրումներով լեփ-լեցուն այդ ֆիլմ կոչեցյալն ուղղակիորեն աղաղակում է, որ ամբաստանյալը «չի դավաճանում իր քնարին». ինչպես իր իշխանավարության տարիներին աղտոտեց, խեղեց, այլանդակեց անկախ Հայաստանի պատմությունը՝ հարմարեցնելով իր «վոյինական» կերպարանքին, նույնը շարունակում է նաեւ հիմա, եւ պարզ բան է՝ այդ նույն նենգություններն առավել ազատորեն կիրագործի, եթե բանտախցից դուրս գա։ Ժողովրդական լեզվով ասած՝ փողին մուննաթ։

Սա՝ ի դեպ եւ ի գիտություն Քոչարյանի փաստաբանների, որոնք ակտիվորեն երդում-կրակ են ուտում, որ իրենց պաշտպանյալն ազատության պայմաններում չի խոչընդոտի նախաքննության բնական ընթացքին։

Մինչ պնդումը, որ այդ  ֆիլմ-կեղծիքը դիմակազերծեց իրենց անաչառության, ավելին՝ ինքնազոհության մասին ճառող լրատվամիջոցներին, համառոտ հիշեցնեմ, թե ինչ կատարվեց իշխանափոխությունից հետո լրատվական դաշտում։

ՀՀԿ-ականների գահավիժման հենց առաջին օրից լրատվամիջոցների գերակշիռ հատվածը հիստերիկ ջղակծկումների ճիրաններում հայտնվեց եւ մինչ օրս գալարվում ու չի խաղաղվում։ Գաղտնիք չէ, որ մինչ իշխանափոխությունն էլ էին սրանք գոյատեւում ՀՀԿ-ական ավազակախմբի առատաձեռնության շնորհիվ, բայց  այն ժամանակ պատկերը մի քիչ այլ էր։ Ազատ խոսքի պատրանքը պահպանելու համար սրանց արգելված չէր թույլատրելի մակարդակով քննադատել իշխանավորներին, երբեմն նույնիսկ՝ Շարմազանովի անքննելի եւ անփոխարինելի «հայրիկին»՝ Սարգսյան Սերժիկին։ Դե, ինչպես անխոնջ «ընդդիմադիր» դարձած Էդիկն էր ամբարտավանորեն հավաստիացնում՝ ՀՀԿ-ն նախագծել էր առնվազն եւս կես դար իշխել Հայաստանում, եւ սրանք՝ անհաղթելիները, «մեծահոգաբար» թույլ էին տալիս իրենց բոստանն էլ մանր-մունր քարեր նետել։ Մեկ է, դրանից ոչ իրենց լկտիությունն էր նվազում, ոչ հանցագործ բուրգն էր տարուբերվում, ոչ էլ՝ թալանն էր պակասում։

Եվ ուրեմն, ի՞նչ կատարվեց լրատվական դաշտում իշխանափոխությունից հետո։ Չարության, թույնի, մաղձի իններորդ ալիքը ողողեց հենց այն նույն ԶԼՄ-ների էջերը, որոնց ստնտուների ով կամ ինչ լինելը տեսանելի էր նույնիսկ ամենամիամիտներին։ Սրանց «անաչառության» մոլեգին քաղցը չեն հագեցնում սեփական լրագրողական ուժերը, սրանք օրուգիշեր դեգերում են ֆեյսբուքներում եւ «ծաղկաքաղ» անում, ավելի ճշգրիտ՝ աղբաքաղ անում, բացառապես այն գրառումները, որոնք հարվածում են նորերին։ Սրանք հերթապահում են ՀՀԿ-ական կոմսոմոլների ֆեյսբուքյան էջերում, եւ շարմազանովաաշոտյանական ցանկացած թառանչ իր պատվավոր ու մշտական տեղն ունի սրանց «տներում»։ Եվ ի տարբերություն նորերի, որոնց նկատմամբ հեգնանքը, չարությունը, մաղձը պարտադիր պայմաններ են, ՀՀԿ-ական հանցախմբի ներկայացուցիչների նկատմամբ սրանց ե՛ւ հեգնանքն ու մաղձն են հօդս ցնդում, ե՛ւ հիշողությունն է բթանում անհուսալիորեն՝ ոչ մի ակնարկ այն մասին, թե ովքեր են արդարության, ժողովրդավարության, օրինապահության մասին սույն թառանչողները, ոչ մի կասկած՝ սրանք վաստակե՞լ են նման արժեքների մասին բարձրաձայնելու իրավունքը։ Ե՞րբ, ի՞նչ հրաշքով են վաստակել, որ սովորական մահկանացուներիս աչքից վրիպել է, իսկ ահա այս անկաշառ լրատվամիջոցները տեսել ու գնահատել են։

Երկրորդ օրն է բոլորում, որ այս նույն Ֆեյսբուքը եռում է ընդդեմ քոչարյանական խայտառակ ֆիլմի, եւ ի՞նչ եք կարծում՝ որեւէ անդրադարձ կա՞ Ֆեյսբուքում քնող եւ արթնացող այս «հալածյալ» ԶԼՄ-ներում, ֆեյսբուքյան որեւէ օգտատիրոջ գրառումն արժանացե՞լ է այս ԶԼՄ-ների ուշադրությանը, այն նույն ԶԼՄ-ների, որոնք քնքշանվաղ հոգատարությամբ հատվածներ են հրապարակում այս նույն Քոչարյանի ոչ անհայտ գրքից։ Բնականաբար՝ չնկատելով, թե մանկուրտի ինչպիսի՛ բթամիտ համառությամբ է պատմությունը կեղծում «հալածյալ» մարդասպանը։

Իզուր մի փնտրեք, չեք գտնի։

Քար լռություն է։

Այս խայտառակ ֆիլմին անդրադառնալու համար վճարող չկա։

Ճշմարտությանը քաջատեղյակ հասարակությունը, Մարտի 1-ի տասը զոհերի հարազատները հազիվ են ծայրը ծայրին հասցնում, չեն կարող հագեցնել նախկինների թալանից օգտվողների գայլային ախորժակը։

Եվ առհասարակ՝ ճշմարտությունը բարձրաձայնելու համար չեն կաշառում, կաշառում են կեղծիքի ու լկտի ստի համար։

Կաշառվող «անաչառներ» որքան ուզեք՝ շնից շատ։

Կասկածողներին խորհուրդ եմ տալիս «պտույտ մը» կատարել հայաստանյան մամուլի «թաղերուն մեջ»։