21.01.2019 18:19

Արսեն Գրիգորյան. Սատանայի էֆեկտը

Արսեն Գրիգորյան. Սատանայի էֆեկտը

Չգիտեմ, ես հասկանում եմ Ռոբերտ Քոչարյանին: Նա ժամանակի երակից դուրս է: Գաղափար անգամ չունի, որ մինչ ինքը նստած է, ժամանակը գնում է:

Այդ մարդու ճշմարտությունները իր աչքերի մեջ նայելով չեն քննվել 2002-ի ապրիլից մինչեւ հիմա, երբ եթերազրկեց Ա1+-ը: Իր պատվերով նկարված ֆիլմում ասում է՝ ինձնից վրեժ են լուծում: Հասկանու՞մ եք, նշանակում է՝ ինքը կլուծեր էդ վրեժը, եթե ավելի վաղ իրեն նստեցրած լինեին, ու հիմա ինքը լիներ իշխանության գլխին: Այլապես, ինչու՞ ես պատմությունը քարշ տալիս դեպի արդարություն՝ առանց թույլ տալու, որ պատմությունն ինքը քայլի քեզ հետ:

Եթե դեպքերը շարադրողներ կան ու թեկուզ դրանք Քոչարյանի թիմակիցներն են, ինչու՞ են գնահատականները հնչում ֆիլմի հեղինակ Ռոման Բաբայանի շուրթերից: Սա նույնիսկ ռուսական մոտեցում չէ բոլորովին իրենց չվերաբերող իրադարձություններին: Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու են ասում, որ փողը կեղտոտ բան է: Փո՞ղն է կեղտոտ, թե՝ Ռոման Բաբայանը: Խոսող եւ մարդուն համոզող, որ լինի կեղտոտ, բնությունը դեռ չի տեսել: Մարդն էլ չի ստեղծել:

Սիրու՞մ է Ռոման Բաբայանը Ռոբերտ Քոչարյանին: Հազիվ թե: Ռոման Բաբայանը հնարավորություն ուներ փայատեր չլինելու մարտի 1-ի սպանություններին, որոնք տեղի են ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք եւ իշխանությունը պահպանելու մղումով: Նա ապավինեց հիտլերյան ցինիզմին՝ ո՞վ է այսօր հիշում մարտի 1-ի մասին ճշմարտությունը: Շինդլերի ցուցակում մի հանճարեղ խոսք կա՝ իշխանություն ունենալն ուզածդ ժամանակ մարդ սպանելը չէ, իշխանությունն այն է, երբ ունես բոլոր հնարավորությունները մարդուն սպանելու, բայց չես անում: Բաբայան Ռոմանը թափված արյան իր հետքը թողեց: Այստեղ արդեն ստերն էական չեն: Էական չեն, որովհետեւ մարտի 1-ը նույնիսկ «պատմություն չի դարձել», ինչպես ֆիլմում է ասվում:

Ֆիլմում չի զգացվում, որ Քոչարյանից, Խաչատուրովից, ֆիլմի կարմիր թել համարվող մի նախկին լրագրողից եւ ներքին զորքերի ժամկետային զինծառայող «տուժող» ոստիկանից բացի մյուսները գերազանց գիտեն, թե ինչ ծուղակում են հայտնվել: Մարդը, այսինքն, նախկին նախագահը, կենդանի գլուխներ ուտելուց հետո անցել է մարդկանց գլուխները վիրտուալ ուտելուն: Ահա թե ինչ է նշանակում օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից:

Նույնիսկ եթե բոլոր դերակատարները, Քոչարյանից բացի, ճշմարտությունն են ասում, ֆիլմը սարքած է կեղծիքի վրա: Դա այնքան ակնհայտ է, չէ՞ որ ի սկզբանե նպատակը կեղծիքն է եղել: Հենց դա է գլխավոր անբարոյականությունը էս ֆիլմում: Սա ֆիլմ է՝ նկարահանված Սատանայի էֆեկտով՝ կարեւոր չէ, թե ինչ կասեն հերոսները, կարեւոր է, թե մենք ինչպես կմոնտաժենք այն:

Իսկ ճշմարտությունը նույնիսկ չի էլ լացում: Չէ՞ որ հնարավոր չէ ստել նրա միջով: Կարելի է ստել որպես վերջին խոսք: Իսկ քո դատաքննությունը նույնիսկ չի էլ սկսվել: Ահա թե որտեղ ես վրիպել, մարդ: