22.01.2019 17:21

Զիմբաբվեի նախագահը կոչ է անում երկխոսություն սկսել

Զիմբաբվեի նախագահը կոչ է անում երկխոսություն սկսել

Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան երեքշաբթի քաղաքական կուսակցությունների առաջնորդներին և ակտիվիստներին կոչ է արել մի կողմ  թողնել տարաձայնությունները և բանակցություններ սկսել:

«Ես  բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդներին, ինչպես նաև կրոնական և քաղաքացիական ակտիվիստներին կոչ եմ անում մի կողմ թողնել մեր տարաձայնությունները և միավորվել: Այն, ինչ միավորում է մեզ, ավելի ուժեղ է, քան այն, ինչը կարող է բաժանել մեզ: Եկեք ազգային երկխոսություն սկսենք: Եկեք առաջին տեղում դնենք տնտեսությունը, եկեք առաջին տեղում դնենք ժողովրդին»,- Twitter-ում գրառել է Զիմբաբվեի առաջնորդը:

Նա նշել է, որ վառելիքի գների զգալի աճի վերաբերյալ որոշումը, ինչը երկրում զանգվածային բողոքի տեղիք է տվել, իշխանություններին հեշտ չի տրվել: Սակայն, նրա կարծիքով, դա ճիշտ որոշում էր: Մնանգագվան դատապարտել է բռնությունն ինչպես ցուցարարների կողմից՝ հայտարարելով, որ բողոքի ցույցերը խաղաղ չէին, այնպես էլ իշխանության ներկայացուցիչների: «Մեր անվտանգության ծառայությունների կողմից բռնությունը և հակաիրավական գործողություններն անընդունելի են և դավաճանություն՝ նոր Զիմբաբվեի նկատմամբ: Կատարված ապօրինությունները կհետաքննվեն»,- հայտարարել է Մնանգագվան՝ խոստանալով պատժել մեղավորներին:

Փոխանցում է tass.ru-ն: