23.01.2019 20:49

Արսեն Գրիգորյան. Երրորդ ֆիլմի արտիստները

Արսեն Գրիգորյան. Երրորդ ֆիլմի արտիստները

Երեկ վերջապես Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվեց Տիգրան Պասկեւիչյանի եւ «Վերսուս» ստուդիայի «Հայաստանի կորուսյալ գարունը» ֆիլմը: Այն մոտ 7 տարի համացանցում կար:

Այսինքն, այնպես չէր, որ հեռուստադիտողին մատուցվում էր մարտի 1-ի մասին մի հայացք, որը պետք է փոթորկեր կրքեր: Հարյուր հազարավորներ արդեն տեսել էին այն: Եվ այնպես չէ, որ դա պատասխանն էր Ռոբերտ Քոչարյանի «Գործ N Մարտի 1» ֆիլմի, որը դատարկ փամփուշտի կրակոց էր ճշմարտության վրա: Հետեւաբար, այն իր դերը չի կարող ունենալ հասարակական գիտակցության վրա: Նրանք, որոնք համոզված են, որ Քոչարյանը մարտի 1-ի հետ կապ չունի, կմնան այդ համոզմունքին: Ձեռագրից է ճանաչվում մարդը: Տիգրան Պասկեւիչյանի ֆիլմը ավելին էր, քան ձեռագիրը, այն ճշմարտությունն էր: Մինչդեռ Քոչարյանի դիրիժորությամբ նկարված ֆիլմը նույնիսկ էդ մարդու հայացքը չէր դեպքերին, այն սուտն է: Այս դեպքում ոչ թե ձեռագիրն է մատնում մարդուն, այս դեպքում մոնտաժից է ճանաչվում մարդը:

Այս ֆիլմը նկարվել է որպես ինքնապաշտպանություն, իսկ Պասկեւիչյանի ֆիլմը, որը կցված է մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների ՄԻԵԴ-յան փաստաթղթերին, ավելին է որեւէ դատարանում իրականությունը ներկայացնելու համար, ճշմարտությունը դատարաններում կնեղվի հարմարավետությունից: Քոչարյանի ֆիլմը նկարվել է հենց խեղաթյուրման պատվերով, որի համար, ինչպես պարզվում է, հարյուր հազարավոր դոլարներ են վճարվել: Մինչդեռ Պասկեւիչյանի ֆիլմը շոյում է քո՝ սովորական դիտողի, աչքը: Դու զգում ես, որ վկա ես նույնիսկ այն դրվագներին, որոնք քո աչքով չես տեսել: Որովհետեւ ամբողջ մարմնով ես զգում, թե թափված արյունն ինչին ծառայեց՝ իշխանության վերարտադրմանը:

Մարդիկ կան, ինչ-որ երրորդ ֆիլմ են ուզում, իբր առանց անձնական շահագրգռության: Սրանք այն մարդիկ են, որոնք հենց իրենց են պատկերացնում էդ ֆիլմում խոսացողների դերում, որպեսզի կարողանան դատապարտել եւ 2008-ի ընդդիմությանը, եւ իշխանությանը: Նրանք ուզում են լինել երրորդ ֆիլմի արտիստներ: Միանգամից ասեմ՝ Քոչարյանի հանճարը հերիքել է դա անել, նա նկարել է մարտի 1-ի մասին մնացած բոլոր ֆիլմերը: Երրորդ ֆիլմը չի կարող ինչ-որ ուրիշ բանի մասին լինել՝ կամ ճշմարտությունն ես պատմում, կամ մնացածը: Իսկ երրորդ ֆիլմ ուզում են նրանք, որոնց իբր վստահություն չեն ներշնչում երկու ֆիլմերը: Սա հայտնի գործչի՝ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարի «երրորդ ճանապարհի» պահանջն է: Ինչպես դիպուկահարներն են «երրրորդ» երկրից, այնպես էլ մեր աչքով տեսածն ու իմացածը մեզ պետք է պատմեն այս ամենի հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ, որոնք նույնիսկ չգիտեն, որ մարտի 1 է եղել:

Ու՞մ բացատրես, որ «Հայաստանի կորուսյալ գարունը» ֆիլմը նկարվում էր իրադարձություններից ոնց որ ցեղասպանությունից մազապուրծ հային չհավատան, որ Օսմանյան կայսրությունում իր աչքի առաջ մորթել են ամբողջ ընտանիքին, այլ պահանջեն ավելի ուշ ծնված պատմաբան Մյուլլերի հավաստիացումները: Քոչարյանի ֆիլմում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայը չգիտի, թե ովքեր են սպանել իր ընտանիքին, Գոռ Քլոյանի հայրը չգիտի, թե ով պիտի պատասխան տա իր որդու սպանության համար:

Մարտի 1-ից որոշ ժամանակ հետո իշխանությունը նման մի միտք էր մամուլով շրջանառում, որ իբր նյարդեր հանգստացնի: Ասում էր՝ մենք էլ մեր մեղքն ունենք: Տղերք, հիմա էդ մեղքի համար հատուցման ժամանակն է: Քանի ֆիլմ ուզում եք նկարեք, օգտագործելու եք Պասկեւիչյանի ու Ա1+-ի կադրերը: Իսկ դրանք ինչի՞ մասին են: Կադրերը հո իրենք են պատմում: