24.01.2019 18:45

Ոչ միայն օրենքով, այլեւ՝ արդարությամբ

Ոչ միայն օրենքով, այլեւ՝ արդարությամբ

Ամանորյա պարգեւավճարների թեման քննարկման կենտրոնում է: Իշխանությունները պնդում են, որ ապօրինի ոչինչ չի արվել, եւ ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ՝ օրենքով սահմանված կարգով պետապարատի ծառայողները պարգեւավճար են ստացել:

Դժգոհողներին դա հետաքրքիր չէ մեծ հաշվով, նրանք հակադարձում են՝ խոսքը մեծ գումարի մասին է, եւ խոսքը հանրային գումարի մասին է:

Այո, մեծ հաշվով, ամեն ինչ արվել է «օրենքի տառին համապատասխան» (ինչպես կասեր դասականը): Բայց անգամ այս դեպքում խնդիր կա: Նույնիսկ եթե օրենքը չէր արգելում, իշխանությունները պետք է հնարավորինս նուրբ վարվեին այս հարցում: Հատկապես հիմա, երբ.

ա. քաղաքական փոփոխությունից հետո դեռ՝ իշխանությունների հայտարարած տնտեսական հեղափոխությունը տեղի չի ունեցել, եւ ի տարբերություն քաղաքական փոփոխության, մարդիկ դեռ հնարավորություն չեն ստացել շեշտակի ու միանգամից զգալ տնտեսական փոփոխությունը, մարդկանց բարեկեցությունը դեռ այնպիսին է, ինչպիսին «հին Հայաստանում», եւ «նոր Հայաստանի» իշխանությունները պետք է ամենից առաջ դա հաշվի առնեն:

բ. նույնիսկ եթե օրենքը թույլ է տալիս, կա նաեւ այսպես ասած արդարության սկզբունքը՝ հանրությունը պետք է տեսնի, որ իշխանությունը ոչ միայն կոռումպացված չէ, կամ՝ օրենքի շրջանակներում է քայլեր անում, այլեւ՝ արդարության, եւ այսպիսի նուրբ հարցերում իշխանությունը պետք է հասկանա, որ հիմա հանրությունն առավել, քան երբեւէ՝ զգայուն է դարձել, եւ նա ոչ թե մեկ անգամ, այլ ամեն օր կարիք ունի տեսնելու ու համոզվելու, որ իր ընտրած իշխանությունը իր հետ հավասար է քայլում: Ուստի, եթե պետական ծառայողների համար այս գործող համակարգը կա (որոշ իմաստով նաեւ այն պատճառով, որ զերծ պահեն պետծառայողներին կոռուպցիայի դիմելուց), այն կարելի էր իրականացնել արդարության սկզբունքով՝ ոչ թե շատ ստացողին շատ, քչին՝ ավելի քիչ, այլ օրինակ՝ հակառակը, իսկ ղեկավար պաշտոնյաներն, ընդհանրապես, կարող էին հրաժարվել իրենց հասանելիքից՝ օրինակ ծառայելու համար: Բոլորն ուզում են արդարություն, բայց պարզ է, որ շատերն ուզում են, որ այդ արդարությունը լինի բոլորի, բայց ոչ՝ իրենց պարագայում: Եւ եթե իշխանությունները համընդհանուր օրինականության կոչ են անում (հայտարարագրեր ներկայացնել, հարկերից չխուսափել, ՀԴՄ-ները տպել կամ պահանջել եւ այլն), ապա տնտեսական առումով անցումային շրջանում հենց իրենք պետք է դառնան մարդկանց դեպի համընդհանուր օրինականացման անցման քայլին մղող ավանգարդը՝ սեփական օրինակով: Բոլորը պիտի տեսնեն. քանի դեռ երկրում փողը քիչ է, այն ոչ միայն ապօրինի ու հանցավոր ճանապարհներով չի յուրացվելու իշխանությունների կողմից, այլեւ՝ բաշխվելու է արդար:

գ. Եւ վերջապես. իշխանությունները գտնվում են դեռեւս մեծ ֆինանսական եւ լրատվական ռեսուրսներ ունեցող նախկին իշխանությունների կրակահերթերի տակ: Ընդ որում, իշխանության դեմ պայքարում նախկինները օգտվում են բոլոր մեթոդներից եւ ամենեւին էլ ազնվությամբ չեն փայլում, չեն խորշում երբեմն բարոյականության բոլոր սահմաններն անցնող քայլերից: Սա նրանց համար կյանքի ու մահվան կռիվ է, որտեղ կիրառելի են բոլոր միջոցները՝ անգամ չհիմնավորված ստերի, կեղծիքների եւ անգամ խուճապի տարածումը: Այսինքն, եթե անգամ իշխանությունները առիթ չեն տալիս, նախկիններն էլի չեն խորշում նրանց ստեր վերագրել: Իսկ այսպիսի թեմաները, ընդհանրապես, լավ կերակուր են նրանց ու նրանց սպասարկող քարոզիչների համար:

Իշխանությունները բարդ եւ ծանր բեռ են ժառանգել, եւ ամեն քայլը հազար անգամ ծանր ու թեթեւ անելու մասին պետք է մտածեն ամեն օր:

Արսեն Հակոբյան