25.01.2019 15:01

Լիզա Ճաղարյան. Քոչարյանը «գործընկերներ» ունի, բայց բարեկամ չունի

Լիզա Ճաղարյան. Քոչարյանը «գործընկերներ» ունի, բայց բարեկամ չունի

Ան«վիզկապ» մնացած կլիենտն ակնհայտորեն «նյարդանում է»։

Ուղերձ է հղել «քաղբանտարկյալը»։ Ուղերձը հղել է իր «գործընկերներին»։ Ասել է թե՝ էս ուղերձը կարող են արհամարհել Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիները, որովհետեւ նրանք երբեւէ չեն եղել Քոչարյանի գործընկերները ո՛չ նրա իշխանության օրոք, ոչ էլ՝ հիմա։ Ուղերձը, փաստորեն հղված է մի քանի տասնյակ խումբ մարդկանց, որոնք անհաջող փորձեր են անում պաշտպանելու այս պարոնին, բայց այդպես էլ սրանց տասը հազար չի դառնում։ Ուղերձն, անշուշտ, ուղղված է նաեւ այն լրատվամիջոցներին, որոնք կատաղի ինքնամոռացությամբ ստանձնել են Քոչարյանի փաստաբանների դերը, իսկ թե ինչու՝ բոլորին էլ հասկանալի է. դե, ընտանիք են պահում, իրենք նույնպես դեմ չեն շատ ավելի ճոխ ապրելու, իսկ Քոչարյանը Հայաստանում իշխելու տարիներին այնքան է հարստացել, որ մտքին դնի՝ աշխարհի բոլոր ծագերում սեփական լրատվամիջոցներ կստեղծի, նրա համար ինչ մի խնդիր է հայաստանյան կիսագրագետ կամ պիղծ լրագրողներ առնել-ծախելը։

Այսպիսով, ուղերձն ուղղված չէ ինձ, բայց չեմ կարող զրկել «չարամիտիս»՝ այս մարդատեսակին եւ նրա «գործընկերներին» հիշեցնելու «հաճույքից», թե ով է այս «ապօրինի ազատազրկվածը», որն առանց կակազելու հոխորտում է ինչ-ինչ վեհ արժեքների «բռնաբարման» մասին, որոնց «բռնաբարության» ականատեսն ու զոհն է եղել Հայաստանի քաղաքացին՝ քսան եւ ավելի տարի՝ այս նույն մարդատեսակի գործուն ղեկավարությամբ։

Իր հակառակորդներին «կատարյալ տկարության» համար մեղադրող եւ «հիասթափության մեծ ալիքի» հույսին մնացած Քոչարյանը եւ ի դեպ՝ նաեւ նրա գործընկերները, որ օրուգիշեր բարբաջում են իրենց քաղաքական փորձառության եւ գիտելիքների մասին, այնքա՛ն տկարամիտ են, որ մինչ օրս այդպես էլ չեն հասկացել եւ հույս էլ չկա, թե երբեւէ կգիտակցեն, որ եթե նույնիսկ պարզվի՝ նոր իշխանությունը «կատարյալ տկար» է, եւ դրան հետեւի «հիասթափության մեծ ալիքը», միեւնույն է՝ իր եւ Սերժիկ Սարգսյանի ավազակախմբի ժամանակն այլեւս երբեք չի վերադառնալու։ Եվ եթե հանրության մեծամասնությունը հիմա դժգոհ է գործող իշխանությունից, ապա դժգոհ է քոչարյանական եւ սերժական հանցագործների նկատմամբ օրենքի պահպանման ձգտման պատճառով։ «Ստի, կեղծիքի, տգիտության եւ ատելության» անմրցելի ճարտարապետ, բանտախցում «ճշմարտության առաջամարտիկ» ներկայացող Քոչարյան Ռոբերտը բոլորից լավ գիտի, թե ինչ ասել է՝ ժողովրդի ցասում, եւ դժվար թե չպատկերացնի, թե ինչեր կարող էին պատահել իր եւ իր գործընկերների հետ, եթե նոր իշխանությունը ժողովրդի դատին հանձներ տարիներ շարունակ այդ նույն ժողովրդին նվաստացնողներին, թշնամուց ավելի կատաղի թալանողներին, Հոկտեմբերի 27-ի նախճիրը հովանավորողներին, Մարտի 1-ի սպանդը կազմակերպողներին, մի քանի տասնյակ քաղաքական սպանության պատվիրատուներին, բարոյազրկության ավերիչ բացիլով հանրության հոգեւոր աշխարհն այլանդակողներին։

Քոչարյան Ռոբերտը եթե մեծախոսական տկարամտությամբ չտառապեր, գրելուց հետո մի քանի անգամ կկարդար իր ուղերձը ու կտեսներ տողատակերի այն սպառնալիքները, առանց որի ինքը պարզապես Քոչարյան Ռոբերտը չէր լինի։ Այս մարդու հոգում (եթե դրանից ունի) քլթքլթում է ատելությունը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, իսկ Հայաստանի քաղաքացին մի քիչ միամիտ է, բայց ո՛չ այն աստիճանի, որ իր դահճին հնարավորություն տա նորից հայտնվելու թամբին։

«Քաղբանտարկյալ» պարոն Քոչարյանը եթե չշարունակեր մնալ «պախանի» մակարդակին, չէր հոխորտա ու չէր սպառնա։ Որքան շատ է հոխորտում ու սպառնում, որքան շատ է փորձում ինքնահիացքի ջղակծկումների գիրկն ընկնել, այնքան ավելի թարմացնում է Հայաստանի քաղաքացիների հիշողությունը, իսկ այդ հիշողությունները մի կաթիլ անգամ դրական ազդեցություն չեն գործում գլխավոր ամբաստանյալի «լուսեղեն» կերպարի վրա։ Հակառակը՝ որքան ուզեք։

Քոչարյանը «գործընկերներ» ունի, բայց բարեկամներ չունի։ Եթե ունենար, ապա նրանք խորհուրդ կտային ամբաստանյալին՝ ԼՌԵ՛Լ եւ սպասել առաջիկա դատավարությանը։

Իսկ եթե սիրտը շատ է ուզում իր «գործընկերներին» ուղերձ հղել, ուրեմն թող անհատական՝ բոլոր գործընկերներին առանձին-առանձին ուղարկի իր այդ, այսպես կոչված, ուղերձը։

Փառք Աստծո, լիքը ժամանակ ունի։