25.01.2019 19:50

ՀՅԴ-ն հրաժարվում է իր հարյուրամյա «տեսլականից» եւ որդեգրում Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետները

ՀՅԴ-ն հրաժարվում է իր հարյուրամյա «տեսլականից» եւ որդեգրում Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետները

ՀՅԴ-ն ամբողջ հարյուր տարի (համարյա հարյուր տարի) իր Ծրագրի առանցքում  ունի «Հայ դատ» - հողային պահանջատիրությունը։ Ժամանակին այն երկու մասի էր բաժանվում. «արտաքին հողային խնդիր»՝ պահանջատիրություն Թուրքիայից (Արեւմտյան Հայաստան), եւ «ներքին հողային խնդիր»՝ պահանջներ Ադրբեջանից (Արցախ, Նախիջեւան) ու Վրաստանից (Ջավախք)։ ԽՍՀՄ փլուզումից հետո, բնականաբար, բոլոր «հողային խնդիրները» դարձան «արտաքին»։ Սա կարելի է գտնել ՀՅԴ բոլոր ծրագրերում, ընդհանուր ժողովների որոշումներում, նրա ղեկավարների ու գաղափարախոսների հարյուրավոր ելույթներում ու հոդվածներում։

Այս հիմքի վրա էր, որ 1988 թվականից ի վեր Դաշնակցությունն անմնացորդ պայքարում էր «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման դեմ, որը Լեռնային Ղարաբաղի հարցը համարում էր ոչ թե Հայաստանի հողային պահանջատիրության, այլ ազգի ինքնորոշման խնդիր։ Այս հիմքի վրա էր, որ նա անգամ պատերազմական տարիներին, միջոցների մեջ խտրություն չդնելով, պայքարում էր ՀՀՇ իշխանության դեմ։ Չխորանանք, այս մասին շատ ենք գրել, եւ շատ է գրվել։

Վերջին անգամ, ընդամենը երկու ամիս առաջ, ՀՅԴ-ն Ղարաբաղի խնդրով իր նույն «տեսլականը» փառավորապես դրել է Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական ծրագրում, որ ձեւկերպված է այսպես.

«Հստակ պետք է գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց։ Արցախը հայկական հարցի, Հայ դատի բաղկացուցիչ մասն է։ Այս հարցում մեր դիրքորոշումը անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ։ Արցախի անկախությունը մեզ համար ժամանակավոր մարտավարության նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է»։

Նույնը, առանց ստորակետի տարբերության, եղել է նաեւ 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում ։

Հիմա, նոր ավարտված ՀՅԴ հերթական՝ 33-րդ ընդհանուր ժողովն ընդունում է այսպիսի մի որոշում.

«Նկատի ունենալով վերջին ամիսներին Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի և միջնորդների արված հայտարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները,

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը արձանագրում է՝

1. Բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ,
2. Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորի հանձնառությամբ»:

Ինչպես տեսնում ենք, այս վերջին տեքստում բացակայում են երկու սրբազան «բանալի բառերը»՝ Հայ դատ եւ վերամիավորում՝ բառեր, որոնց առկայությունը այս կուսակցության՝ Ղարաբաղի հետ կապված որեւէ պաշտոնական տեքստում պարտադիր է եղել։

Բայց միայն սա չէ։

Ընդհանուր ժողովի արձանագրման 1-ին կետը ճշգրիտ կրկնում է այս հարցով 90-ական թվականների ՀՀՇ իշխանության սկզբունքը՝ այն սկզբունքը, որին ժամանակի հայկական դիվանագիտությանը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հաջողվեց միս ու արյուն տալ, իրականություն դարձնել. 1994 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվում էր որպես հակամարտության լիիրավ կողմ, եւ բանակցությունների սեղանին դրվող ցանկացած փաստաթուղթ, Հայաստանից եւ Ադրբեջանից բացի՝ ուղարկվում էր նաեւ նրան, նույն՝ «վետոյի» իրավունքով։ Ռ. Քոչարյանի շնորհիվ միայն Լեռնային Ղարաբաղը կորցրեց միջազգային այդ մանդատը, իսկ Դաշնակցությունը 10 տարի այս մարդու գլխավորած իշխանության մաս կազմեց եւ երբեւէ այդ կորստյան մասին չխոսեց։

2-րդ կետը նույնպես կրկնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած իշխանության տեսակետը։ Այո՛, Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է (եւ ոչ պահանջատերը). այդպիսին է եղել 1988-ից ի վեր։ 1993թ. մայիսի 26-ին «3+1» նախաձեռնության առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես հայտարարեց, որ միջազգային այլ երաշխիքների բացակայության պայմաններում «Հայաստանն իր վրա է վերցնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորի պարտավորությունը»։ Երաշխավորի այդ դերի իրականացման համար էր մղվում հայտնի պատերազմը։ Հայաստանը նաեւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի երաշխավորն է եւ նույն կերպ պետք է ընդունի նրա՝ որպես ինքնորոշման իրավունք ունեցող սուբյեկտի անկախության իրավունքի անձեռնմխելիությունը, մի բան, որ նրան միշտ, մինչեւ երկու ամիս առաջ, զլանում էր անել ՀՅԴ-ն՝ հայտարարելով, թե «Արցախի անկախությունը մեզ համար ժամանակավոր մարտավարության նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է»։

Աշոտ Սարգսյան