30.01.2019 11:15

Մհեր Արշակյան. Չի կարելի պատերազմի օրակարգով նայել հարազատ հողի աչքերին

Մհեր Արշակյան. Չի կարելի պատերազմի օրակարգով նայել հարազատ հողի աչքերին

Հաճախ եմ լսում, երբ ասում են՝ մենք ինչու՞ պետք է միայնակ պատրաստվենք խաղաղության, եթե Ադրբեջանը դա չի ուզում:

Մինչդեռ պատասխանն այնքան հստակ է:

Խաղաղությունը գործողություն է: Գործողություն՝ ոչ թե ոչինչ չանելու, այլ շատ բան անելու:

Օրինակ, արվեստի կարեւոր գործ ստեղծելը խաղաղության ակտ է: Պատերազմի ժամանակ կռվում են, իսկ խաղաղության ժամանակ՝ ստեղծում: Եթե ոչ պատերազմ է, ոչ՝ խաղաղություն, ստեղծողն զբաղված է պատերազմի պատրաստվելով: Կամ՝ եթե ինքը զբաղված չէ, իրեն պատրաստում են:

Արտագաղթերը ընդունված են հակամարտող երկրներում՝ «հեսա-հեսա» տագնապային զգաստությունը մարդկանց ստիպում է թուլանալու ելքեր փնտրել: Նրանք փախչում են պատերազմի պատրաստվող երկրից:

Մինչդեռ պետք է մնալ եւ ապրել խաղաղության օրակարգով, այսինքն՝ ստեղծել:

Չստեղծողը կամ կռիվ է ուզում, կամ ներքաշված է կռվի մեջ: Երբ դու ապրում ես խաղաղության օրակարգով, դրանով ուղերձ ես հղում հարեւան ժողովրդին: Ինքը տեսնում է, որ խաղաղության օրակարգը ստեղծարար օրակարգ է՝ մեկը գրում է բանաստեղծություն, որը միջազգային հարթակներ է «գրոհում», մյուսը գիտական հայտնագործություններ է անում:

Սովորական այգեմշակը խաղաղության օրակարգի ներկայացուցիչ է: Բայց ինքն իրենով ոչինչ չի ապացուցում:

Չի կարելի նայել, թե ինչի է տրամադրված Ադրբեջանը, եւ դրանով կառուցել քո առօրյան:

Չի կարելի պատերազմի օրակարգով նայել հարազատ հողի աչքերի մեջ:

Հողը չի սպասում պատերազմի, նա սիրում է խնամք, ձեռքեր: Արկը եւ ագրեսիան հակընդդեմ հայացքներ են հողին: Հողը սիրում է խաղաղության զգացում: Ի վերջո, մարդը երկու ոտքով կարող է կանգնել միայն հողի վրա:

Խաղաղությունը հնարավորություն է, որն իրեն պարտադրում է ստեղծելով, ճիշտ հայացքով: Ինքը աուրա է, որը ապրող մարդիկ է սիրում:

Եթե ադրբեջանցի շարքային տաքարյուն երիտասարդը չի ուզում քեզ տեսնել որպես ապրող մարդ, դու հնարավորություն ունես հարվածելու նրա արժանապատվությանը ստեղծելով: Որովհետեւ սպանելու մասին մտածողը ավելի լավ բան անելու համար միտք չի ունենա: Դու կարող ես նրա հանդեպ ուժեղ լինել հենց խաղաղությամբ:

Խաղաղությունը կարող է լինել քո «ագրեսիան» ընդդեմ փամփուշտներ ստեղծողի:

Այնպես որ, հայրենակիցներ, մի փնովեք խաղաղության մղումը միայն այն պատճառով, որ դուք դիմացը չեք տեսնում նույնպիսի մղում: Ուրիշին կարելի է պարտադրել խաղաղություն: Եվ դրա համար կարիք չկա մտածելու «Բաքվում թեյ խմելու» մասին: Եթե դու աչքեր ունես ամբողջ սիրով նայելու քո երազանքների ուղղությամբ, բաքվեցին կերազի քեզ հետ թեյ խմելու մասին: Նա քո մեջ կճանաչի այն մարդուն, որն իրեն չի հերիքում: