30.01.2019 13:24

Հարութ Ուլոյան. Վիտալի Բալասանյանը կամ կտրված է իրականությունից, կամ…

Հարութ Ուլոյան. Վիտալի Բալասանյանը կամ կտրված է իրականությունից, կամ…

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

Ըստ Վիտալի Բալասանյանի`
1. Արցախի խնդրի լուծման փոխզիջման հեռանկարը հեքիաթ է, որին նա ոչ միայն չի ցանկանում հավատալ, այլև խորհուրդ է տալիս արհամարհել նման հայտարարությունները:
2. Մադրիդյան փաստաթուղթն ու դրանում առկա՝ տարածքների զիջման դրույթը իրականությանը չեն համապատասխանում:
3. Եվ Արցախի հարցն է լուծված, և Հայաստանի: Աշխարհի ամենահանգիստ երկիրը Հայաստանն ու Արցախն են: Արցախի ցանկացած տարածք անվտանգ է:*

Եթե նման հայտարարություններ աներ ընդդիմադիր, ընտրությունների ժամանակ Բակո Սահակյանին «անարդարության» և ժողովրդի վրա «ճնշումներ» իրականացնելու մեջ մեղադրող Վիտալի Բալասանյանը**, դա ինչ-որ տեղ, ինչ-որ մարդկանց համար կարող է և հասկանալի լիներ, բայց երբ նման հայտարարություններ է անում Արցախի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, դա արդեն, քաղաքական տեսանկյունից, սարսափ է ներշնչում:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից նման հայտարարություններ անելը խոսում է այն մասին, որ այդ հայտարարությունների հեղինակը կամ բացարձակապես կտրված է իրականությունից, կամ պարզապես ստանձնել է տարիներ շարունակ մեր հասարակությանը դեմագոգիայի և հռետորաբանության մատուցման «պատվաբեր» առաքելությունը:

Կարծում եմ` հարկ չկա անդրադառնալու, թե որքանո՞վ է տարիներ շարունակ բանակցությունների հիմքը հանդիսացող փոխզիջումը «հեքիաթ»: Թե որքանո՞վ իրականությանը չեն համապատասխանում Մինսկի խմբի կողմից բարձրաձայնված Մադրիդյան փաստաթուղթն ու Սերժ Սարգսյանի խոստովանությունները` տարածքների զիջման պատրաստակամության մասին: Իսկ որ ամենաարտառոցն է` թե որքանո՞վ է Արցախի հարցը լուծված, և որքանո՞վ են Հայաստանն ու Արցախը աշխարհի ամենաանվտանգ երկրները` ապրիլյան պատերազմի, տարիներ շարունակվող անդադար դիվերսիաների և տասնյակ զոհերի պայմաններում:

Մարդկանց թվում է, թե երբ հայկական կողմը խոսում է խաղաղությունից, իսկ Ադրբեջանը, դրան հակառակ, ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը, ուստի, եթե հայկական կողմն էլ կոշտացնի իր դիրքորոշումը, ապա դրանով թե՛ հայկական կողմը կուժեղանա,  թե՛ նաև կստիպի Ադրբեջանին` դադարեցնել ռազմատենչ հայտարարություններ անել:

Ինչպես տարիներ առաջ հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը` «Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ և, մանա­վանդ, խաբել ժողովրդին: Ժողովուրդը պետք է իմանա իշխանությունների վարած քա­ղա­քա­կանության համար իր վճարելիք գինը»: