31.01.2019 13:45

Որ դուք հերոս. Բանակը դուք չեք, պարոնայք գեներալներ

Հերթը հասավ Սեյրան Օհանյանին: Նրան էլ մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք առաջադրեցին: Եւ նա որոշեց պաշտպանվել, բայց ոչ յուրովի: Այնպես, ինչպես մյուսները՝ իրենց անձին առաջադրված մեղադրանքները կապելով ինստիտուտների հետ:

Օհանյանը հայտարարում է, թե այս ամենի «նպատակը ոչ թե սպանությունների բացահայտումն է, այլ իրենց ցանկալի վարկածի պարտադրումը, այն է՝ զինված ուժերին մեղսագրել տարբեր հանցագործություններ, դիտարկում եմ որպես միտումնավոր, ակնհայտ ոտնձգություն հայկական զինված ուժերի նկատմամբ»:

«Իմ տպավորությամբ, հեղինակազրկելով բանակի բարձրաստիճան հրամանատարությանը, վարկածներ հնարելով եւ շրջանառելով, որ բանակը կրակել է ժողովրդի վրա, փորձ է արվում սեպ խրել բանակի եւ ժողովրդի մեջ։

Գուցե նպատակը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստե՞լն» է»,- հրապարակված հայտարարության մեջ հարցնում է Օհանյանը:

Սա արդեն նորություն չէ, սա արդեն խելահեղություն է, երբ մարդիկ իրենց անցյալը դարձնում են վահան, ու այդ վահանով փորձում են արդարացնել եւ մաքրել իրենց ներկան: Նրանք այդպես էլ չեն հասկանում, որ եթե անցյալում իրենք հերոս են եղել, դա անցյալում է, եւ որ իրենց այսօրվա արարքները չեն ջրում անցյալի հերոսությունները: Ու որ նրանք պարտավոր են պատասխան տալ այդ արարքների համար: Այո, դա չի նշանակում, որ ներկայիս արարքներն էլ ջրում են անցյալը: Ամենեւին, եւ նրանք պետք է բոլորը համակերպվեն, որ անցյալն անցյալ է, ներկան՝ ներկա: Արված հերոսությունների համար նրանք պետք է միշտ արժանանան խրախուսանքի, հանցանքների համար՝ պատժի: Մեկը մյուսին չի հակասում: Ու զարմանալի է, որ երբ խոսքը հենց իրենց, միայն իրենց է վերաբերում, իրենք ի վիճակի չեն լինում զատել անձերն ինստիտուտներից, ահա, մեկը հենց ինքը՝ Օհանյանը, ասում է՝ մեղադրանքը բանակի դեմ է:

Ո՞վ է ասել, պարոն Օհանյան: Բանակի դեմ ոտնձգությունը ձե՛ր արածն էր: Մեղադրանքն էլ ձե՛ր դեմ է: Եւ դուք չարաչար սխալվում եք, եթե կարծում եք, թե բանակը դուք եք, հենց դուք: Սխալվում է ցանկացած գեներալ կամ այլ բարձրաստիճան սպա, թեկուզ՝ ամենափառահեղ ուղին անցած, երբ այդպես է մտածում: Եւ իրենք պարտավոր են բոլորը համակերպվել այն մտքի հետ, որ մեր բանակն արդեն վաղուց կայացած կառույց է, մի ամբողջություն, որտեղ կարեւոր են բոլոր անձինք, եւ հատկապես նրանք, ովքեր սահմանին են: Եւ որ բանակի վարկը այն ղեկավարն է գցում, ով շահարկում է բանակի անունը, ասոցացնում այն իր անվան հետ, թուլացնում եւ թալանում է այն, օգտագործում սեփական անձի քարոզի համար: Դա է բանակի հանդեպ ոտնձգությունը: Եւ դա բոլորից լավ գիտի հենց ինքը Օհանյանը:

Նա, ով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի օրոք ՊԲ գլխավոր շտաբն էր ղեկավարում եւ փառաբանում էր, իր բառերով ասած՝ «Սամվել Անդրանիկի Բաբայանին»: Իսկ երբ վերջինս կալանավորվեց, Օհանյանը առաջին գեներալն էր, որ հանդես եկավ տեսաուղերձով (կարծես այս մի բանը պարոն Օհանյանի մոտ շատ լավ է ստացվում) եւ հայտարարեց, թե Բաբայանն ազգային չարիք է: Իրենք էլ էին վստահ ու պնդում էին, որ Բաբայանի դեմ մեղադրանքը հիմնավոր է, եւ քանի որ հիմնավոր էր, նրանց մտքով անգամ չանցավ, որ Բաբայանին կալանավորելով՝ բանակն են թուլացնում, սեպ խրում մարդկանց եւ բանակի միջեւ: Կար մեղադրանք, եւ կար կալանք: Վերջ: Ու հիմա անհասկանալի է, թե ինչու է պարոն Օհանյանը կարծում, որ Բաբայանին կարելի էր մեղադրանք առաջադրել եւ կալանավորել, իսկ իրեն չի կարելի:

Կարելի է, պարոն Օհանյան, թեկուզ հենց այն պատճառով, որ ապագայում բանակի ղեկավարներից եւ ոչ մեկի մտքով չանցնի անել այն, ինչ արել եք դուք եւ ձեր բանակային «գործընկերները»:

Ք. Խանումյան