01.02.2019 18:34

Մերկել. Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել, դա պահանջում է, որ դիմացինն էլ խիզախ քայլերի պատրաստակամություն հայտնի

Մերկել. Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել, դա պահանջում է, որ դիմացինն էլ խիզախ քայլերի պատրաստակամություն հայտնի

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել և դա, ըստ նրա, պահանջում է, որ դիմացինն էլ խիզախ քայլերի պատրաստակամություն հայտնի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարություն կանցլերն արել է այսօր՝ Բեռլինում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Անգելա Մերկելը կարծիք է հայտնել, որ խոսքերին պետք է հետևեն որոշ գործողություններ, և կողմերը պետք է պատրաստ լինեն դրան: «Ես կարծում եմ, որ պարոն վարչապետը կշարունակի նույն կերպ, բայց, վերջին հաշվով, կողմերը պետք է համաձայնության գան»,- ասել է Մերկելը:

Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանել է, թե ինչ խիզախ քայլերի մասին է խոսել Գերմանիայի կանցլերը:

«Ինչպես գիտեք, ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ արել եմ հայտարարություն, որը շատ կարևոր եմ համարում: Ասել եմ, որ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից, բայց ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի  լինել Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ ահա այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցային գործընթացում: Եվ քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, մենք, ցավոք, չենք կարող ունենալ շատ մեծ հույսեր, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ»,- մանրամասնել է Փաշինյանը:

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունը նվիրված է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման տրամաբանությանը: «Մեր քննարկումների ընթացքում հստակ արձանագրել եմ, որ ես՝ որպես Հայաստանի  Հանրապետության  վարչապետ, կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել Ղարաբաղի անունից այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել:  Նրանք ունեն իրենց նախագահը, խորհրդարանը, կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները»,- նշել է Փաշինյանը: