02.02.2019 14:28

Արսեն Գրիգորյան. Ֆեյքերի չաղ հակահարձակումը իշխանության դեմ

Արսեն Գրիգորյան. Ֆեյքերի չաղ հակահարձակումը իշխանության դեմ

Միայն Աստված գիտի, թե ինչ է տեղի ունենում լրատվական դաշտում: Բայց թե ինչպես դա տեղի ունեցավ, երեւի ես էլ գիտեմ: Ձեւակերպվեց սկզբունք՝ անել այնպես, որ կեղծ լուրը, սուտը, ճշտից չտարբերվի: Սրա համար օգտագործվեց Ֆեյսբուքը: Ինֆորմացիայի արժեզրկման համար ստեղծվեց ֆեյքերի հսկայական բանակ, որոնց խնդիրն էր ապականել լուրը:

Նախկինում այդ բանակը կառավարում էր իշխանությունը: Հիմա այդ իշխանությունը գոյություն չունի, բայց գոյություն չունի ոչ առանց փողի, փողը կա: Տեխնոլոգիան այնպիսին էր, որ ֆեյսբուքյան գրեթե ամեն օգտատեր իրեն կարող է երեւակայել որպես «լրագրող»: Այսինքն, մատուցի հավաստի լուրեր սրա կամ նրա մասին, ահազանգի ինչ-որ ապօրինություններ, որոնք իսկապես տեղի էին ունեցել: Որպեսզի, երբ օրը գա, նրանք՝ այդ հավատարիմ զինվորներն անցնեն գործի եւ դաշտը աղտոտեն իրենց աղմուկով, թե՝ հասեք, Նիկոլը Ղարաբաղը ծախում է:

Այ էս ծախելու մասին հիստերիան մանրամասն նախապատրաստված աղմուկ է եւ մանիպուլացիա որպես այս ժողովրդի ինֆորմացիայի զգայուն օրգան: Փողով սա կարելի է անել, մնացածը անում են «ազդեցության գործակալները», որոնք հաճախ պարզ «սպառողներն» են: Սակայն իշխանությունը պակաս խորամանկ չէ: Նա սկսել է բաց խաղալ: Հաճախ Նիկոլ Փաշինյանը ամբողջական տեղեկություններ է տալիս, թե ինչ է խոսել Իլհամ Ալիեւի հետ, ուրիշ ինչից կարող էր խոսել եւ ինչից չի պատրաստվում խոսել: Մանիպուլացիան, որ նույնիսկ նախորդ իշխանությունների օրոք չէր աշխատում, հիմա առավելեւս չի աշխատի: Բայց դա չի խանգարի, որ դաշտը ապականվի:

Այստեղ լրատվամիջոցների հեղինակության հարց էլ կա, երբեմն մանիպուլացիան դառնում է օրակարգի թեմա: Ֆեյսբուքում համապատասխան «օգտատերերը» սկսում են աղմուկ բարձրացնել, կան նաեւ մի քանի «լոյալ» լրատվամիջոցներ, որոնք միանում են այդ «համերգին» եւ ապահովում նրա օրակարգային դառնալը: Հենց այսպես է կեղծ լուրը գոյության ուղեգիր ստանում: Տաքսու վարորդները հաճախ են զրույցը սկսում հետեւյալ թեմայով՝ ճի՞շտ է, որ Նիկոլը Ղարաբաղը ծախում է: Հարցնում ես՝ ի՞նչ գիտեք: ինտերնետն է գրում, Ֆեյսբուքն է գրում, Ղարաբաղի գեներալները խառնվել են իրար կամ Վիտալիկը Եռաբլուրում ասեց, որ ծախում է: Այստեղից պարզ է դառնում, որ կա նաեւ բանավոր քարոզչության հարթակ: Այսինքն, հզոր մանիպուլացիոն թիմ է աշխատում:

Ես չգիտեմ, թե իշխանությունն ինչպես է մտադիր կարգավորել դաշտը եւ արդյո՞ք դա նրա գործն է: Բայց այս ամենը կարող է նրան ափերից հանել: Գուցե հենց դրա համար էլ արվում է այս ամբողջը: Այո, խոսքի ազատությունը երբեք այսքան անվերահսկելի չի եղել Հայաստանում: Դա լավ է, դա այն է, ինչը երազում էինք: Բայց չպետք է մոռանալ, որ ապականությունը կառավարվում է փողով, չքրտնած փողով, գողացած փողով: Գողերը ուզում են պահպանել իրենց ազդեցությունը, մինչեւ կարողանան անցնել հակահարձակման:

Այս ամբողջի պատճառն այն է, որ իսկապես լրատվություն ստեղծող մամուլը փող չունի, որեւէ կերպ չի կարող հակազդել կեղծիքին եւ մանիպուլացիային: Իսկապես փող չունեցող մամուլը հավատարիմ է հեղափոխությանը, բայց դա աղքատի եւ կիսաշունչ գոյություն ունեցողի հավատարմություն է, դա «Երկրապահի» հավատարմությունն է բանակին եւ պետությանը առանց վստահ լինելու, որ վաղը գրպանում հացի փող կունենա: Հենց իսկական մամուլի էս աղքատությունն է այն «զենքը», որով ֆեյքերի տռզած գրպաններով ղեկավարները կռվում են իշխանության հետ: Իսկ թե սրանից ինչ հետեւություն պետք է անի իշխանությունը, իսկապես չգիտեմ: