04.02.2019 09:00

Մեղք են մարդկային բանականությունն ու տրամաբանությունը

Մեղք են մարդկային բանականությունն ու տրամաբանությունը

Վերջերս նոր թափով Լեւոն Տեր-Պետրոսյանին է վերագրվում ու անխնա քննադատվում «տարածքներ խաղաղության դիմաց» մի բանաձեւ։

***

Ոչ թե նույնիսկ որպես կանոն, այլ որպես օրինաչափություն, ոմանց համար որպես պարտադիր պայման Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատելու, «սխալ հանելու» համար՝ սկսած նրա իշխանության առաջին օրերից, հակառակորդները միշտ դիմել են երկու հիմնական միջոցի.

Ա) Աղավաղել են իրողությունները, կեղծել անգամ ամենաթարմ փաստերը։

Ինչքան էլ որ կեղծես, դրանց փաստաթղթային բազմաթիվ հիմքերը, բնականաբար, պահպանվում, մնում են, դրանք անհնար է փոխել։ Կեղծիքներն այնքան շատ էին ու ամենօրյա, որ  արդեն 1993 թ. դրանց անդրադարձել է Նախագահը՝ ցավով արձանագրելով. «Համոզված եմ, որ ապագա պատմաբանի համար շանթահարիչ է լինելու այն փաստը, թե պատմության կեղծարարությունից կշտացած եւ նրա դեմ ծառացած մեր հասարակությունն ինչպես է ժողովրդավարության պայմաններում հանդուրժում իր աչքի առջեւ եւ իր իսկ մասնակցությամբ տեղի ունեցող իրադարձությունների խեղաթյուրումը» (27 հունիսի, 1993 - տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երեւան, 2006, էջ 369)։ Կեղծիքն ու ուրացումը ավելի մեծ չափով շարունակվել են նրա իշխանությունից հեռանալուց հետո, արդեն նաեւ կազմակերպված պետական քարոզչության տեսքով ՝ մտնելով նաեւ ակադեմիական հրատարակություններ, դպրոցական ու բուհական դասագրքեր։

Բ) Լեւոն Տեր-Պետրոսյանին մտքեր են վերագրել, որ նա երբեւէ չի արտահայտել. մի բառ ավելացնելով կամ պակասեցնելով՝ «խմբագրել», խաթարել են նրա խոսքը, նենգափոխել միտքը ու ստացված հերյուրանքը հազարավոր անգամ կրկնել որպես մեղադրանք կամ մեղադրանքի հիմք։

Հիշենք այդ անհեթեթություններից մի քանիսը, որ տարածվում էին հատկապես 90-ական թվականներին, երբեմն նաեւ հիմա. «հարեւաններից պարտք վերցրեք ապրեք», «Հայաստանին Սահմանադրություն պետք չէ», «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է», «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» («կատեգորիա» բառից առաջ դուրս թողնելով «քաղաքական» բառը)։ Այսպիսի դեպքերի առիթով էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի օր ստիպված էր դառնությամբ ու հիասթափությամբ «ներքին կուլտուրա» ունենալու կոչ անել. «Ես ափսոսանքով եմ նշում, որ բարեկրթությունը պակասում է։ Ես քննադատությունից չեմ վախենում, անգամ ամենասուր քննադատությունից։ Բայց երբ կեղծում են, երբ, ասենք, վերցնում են քո արտահայտությունը, այնտեղից հանում են երեք բառ եւ դա ներկայացնում որպես իրականություն, դա ազնիվ չէ։ Նման բաները պետք է կարգավորվեն նախ ներքին կուլտուրայով, ապա նոր՝օրենքով» (տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 05.12.1996)։

Անշուշտ, հերյուրանքներն ու վերագրումները ժամանակին ստացել են իրենց պատասխանները։ Սակայն, մի կողմից «սենսացիա» մատուցելու գայթակղությունը, մյուս կողմից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաշվին ինքնահաստատվելու անդիմադրելի մոլուցքը եւ վերջապես՝ դրա դիմաց ստացվող կամ սպասվող վճարը կամ հեռանկարը, կեղծիքն ու հերյուրանքը տիրաժավորում ու տարածում էին հարյուրապատիկ ու հազարապատիկ ավելի։ Եւ դա հենց նրա իշխանության տարիներին, երբ լիակատար ազատ էր ոչ միայն մամուլը, այլեւ ռադիոն ու հեռուստատեսությունը, եւ էժանագին այս մեթոդներն արդյունավետ աշխատում էին։

Նրա դեմ պայքարի մեթոդների մեջ ոչինչ չփոխվեց նաեւ այն ժամանակ, երբ նա 2007 թվականից ի վեր արդեն ընդդիմություն էր, ընդդիմադիր շարժման առաջնորդ։ Եւ ոչինչ չփոխվեց շատ պարզ պատճառով. առանց այդ մեթոդների գործադրման՝ փաստերի, փաստարկների ու տրամաբանության դաշտում դժվար էր իրական որեւէ հիմք գտնել ընտրապայքարի ելած Առաջին նախագահին քիչ թե շատ բանական հիմքով քննադատելու համար։ Եթե ինչ-որ բան փոխվեց, ապա այն, որ կեղծարարների, հերյուրողների, բանսարկուների, զազրախոսների, զրպարտիչների նույն մակարդակին իջան եւ նույն էժանագին մեթոդներին դիմեցին նաեւ պետության առաջին դեմքերը, պետական ողջ քարոզչամեքենան՝ այս դեպքում արդեն նաեւ իրենց լիակատար վերահսկողության տակ առած համարյա ողջ լրատվամիջոցներով։

Չկասկածելով, որ իր դեմ էժանագին այդ մեթոդները կրկին գործադրվելու են, դրանք ինչ-որ չափով կանխարգելելու հույսով, դեռ 2007 թ. իր առաջին ելույթներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանը կանխատեսեց. «Այս ելույթից հետո էլ, առանց դույզն իսկ կասկածի, կգտնվեն մարդիկ, ովքեր իմ խոսքերը կտրելով կոնտեքստից կամ պարզապես աղավաղելով դրանք, գյուտարարի հրճվանքով ինձ կվերագրեն մտքեր, որոնք իրականության հետ կապ չունեն։ Ես պատասխանատու եմ միայն իմ մտքերի, իմ խոսքերի համար, եւ մտադիր չեմ երբեւէ անդրադառնալ այդ տիպի աճպարարություններին» (08.12.2007 – տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, «Վերադարձ», Երեւան, 2009, էջ 117)։

Եւ կանխատեսման իրականացումը չուշացավ։ Հենց նույն ելույթի «Թաթար-մոնղոլական խանություն» վերնագրով հատվածը, որ լսարանին մատչելի, բայց նաեւ գիտական մի դասախոսություն էր, «չհասկացան» ոչ միայն «ձվի մեջ մազ փնտրող» իշխանական «վերլուծաբաններն» ու լրագրողները, այլ նաեւ նույն առաջին դեմքերը։ Վերջիններս համարեցին, թե, ահա, Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենց ծանր վիրավորում է՝ «թաթար - մոնղոլ» կոչելով։ Մի քանի տարի այս «ծամոնը» ծամելուց հետո, երբ հերթական առիթով այն կրկին հիշեցին, Լեւոն Տեր-Պետրոսյանն ստիպված էր հատուկ նրանց համար եւս մի անգամ շատ ավելի մատչելի բացատրել.

«Առաջիկա ընտրությունների նախօրյակին իշխանական քարոզչության կողմից կրկին շրջանառության մեջ դրվեց իմ հասցեին ուղղված այն հերյուրանքը, թե ես իբր Հայաստանի ավազակապետության պարագլուխներին թաթար-մոնղոլներ եմ անվանել։ Նման արտահայտություն ես երբեւէ ինձ թույլ չեմ տվել եւ չէի էլ կարող թույլ տալ, որովհետեւ դրանով վիրավորած կլինեի ոչ թե Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, այլ խորագույն հարգանքի արժանի թաթար-մոնղոլական ժողովուրդներին, որոնք պատմական մի որոշակի ժամանակաշրջանում համաշխարհային նշանակության դեր են խաղացել մարդկության կյանքում։ Տվյալ հերյուրանքը չարամիտ աղավաղումն է 2007 թ. դեկտեմբերի 8-ի իմ ելույթի այն հատվածի, որում ես ասել եմ բառացիորեն հետեւյալը. «Քոչարյանա-սերժական վարչախմբի ձեւավորած տնտեսական համակարգը որեւէ կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ ֆեոդալիզմի, ո՛չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ, եւ ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ», անմիջապես ավելացնելով նաեւ, որ «սա էթնիկական բնութագրում չէ, այլ զուտ գիտական հասկացություն՝ հիմնավորապես ուսումնասիրված եւ մշակված համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր պատմաբանների, մասնավորապես ռուս արեւելագետների՝ Բարտոլդի, Վլադիմիրցովի, Գրեկովի, Յակուբովսկու կողմից» (12.01.2012, ելույթ հանրահավաքում, «Հայկական ժամանակ», 13.01.2012)։

Բայց միայն կեղծիքները, փաստերի ու խոսքի վերագրումները չեն եղել Առաջին նախագահի դեմ պայքարի գործիքները։ Ի հեճուկս մարդկային բանականության ու տրամաբանության, նա իր իշխանությունից հետո էլ, եւ առ այսօր, մեղադրվել եւ ամբաստանվել է նաեւ «ամեն վատ բանի հիմքը դրած լինելու» համար, ու դրանով արդարացվել են բոլոր բացասական երեւույթների դրսեւորումները նաեւ 5, 10, 20 տարի հետո։ «քաղաքական մտքի» էկզոտիկ այս երեւույթը շատ ավելի գեղեցիկ ու մատչելի ինքը՝ ամբաստանությունների հասցեատերն է ներկայացնում.

«Կցանկանայի համառոտակի անդրադառնալ նաեւ նախկին (նկատի ունի 90-ականների –Ա. Ս.) իշխանությունների դեմ ուղղված մի այլ հայտնի ամբաստանության։ Խոսքը վերաբերում է վերջերս հաճախակի հնչող այն տեսակետին, որ ներկա վարչախմբի արատները բխում են նախկին իշխանությունների ժամանակից։ Սա, ինձ թվում է, քաղաքական բանավեճում կիրառվող ամենապրիմիտիվ հնարքն է, որի նպատակն է խուսափել պատասխանատվությունից եւ սեփական օրինազանցություններն արդարացնել պատմական նախադեպերով։ Ակամայից հիշում ես Շվարցի պիեսի չարագործ թագավորին, ով իր արարքները բացատրում էր մորաքրոջից ժառանգած վատ գեներով։

Նման տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում կարելի է արդարացնել ցանկացած հանցագործություն, քանի որ անհնար է պատկերացնել որեւէ օրինազանցություն, որն իր նախադեպը չունենա անցյալում։ Նման տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում մարդկության պատմության մեջ ոչ մի գող չպիտի դատվեր, որովհետեւ առաջին գողերը դրախտի արգելված պտուղը ճաշակած Ադամն ու Եվան էին։ Չպիտի դատվեր ոչ մի մարդասպան՝ Կայենի ոճրագործությունից հետո։ Եւ վերջապես, չպիտի դատվեր ոչ մի կաշառակեր կամ կաշառատու՝ Եսավից ու Հակոբից հետո։

Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր իշխանություն, յուրաքանչյուր պաշտոնյա պատասխանատու է իր արատների ու հանցանքների համար, եւ դրանք չի կարող արդարացնել անցյալից ժառանգած գեներով։ Ոչ մի առողջ հասարակություն, ոչ մի դատարան նման փաստարկ չի ընդունի։ Հետեւաբար, Հայաստանի նախկին իշխանությունները պատասխանատու են իրենց արարքների համար, իսկ ներկաներն՝ իրենց։ Համենայն դեպս, մենք՝ նախկիններս, երբեւէ չենք փորձել մեր արատները բացատրել Խորհրդային համակարգից ժառանգած ավանդույթներով, առավել եւս՝ Սերժ Սարգսյանի կարծած մեր ազգային մենթալիտետով։ Այդպիսի փաստարկը (կամ «ես էլ քեզ բան ունեմ հիշեցնելու» հնարքը) ոչ միայն անհեթեթ, այլեւ ծիծաղելի կհնչեր, որովհետեւ եթե քո նախորդը կաշառակեր, գող կամ խաբեբա է եղել, ապա քեզ ի՞նչն է խանգարում այդպիսին չլինել։ Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը» (16.11.2007 - տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Վերադարձ, էջ 81)։

Մեղք են, վերջապես, մարդկային բանականությունն ու տրամաբանությունը։

Հիմա վերադառնանք սկզբում արված արձանագրմանը, թե, իբր, Լեւոն Տեր-Պետրոսյանն է Ղարաբաղյան հարցի լուծման համար «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւի հեղինակը, որին հետեւելու վտանգից, այդպես էլ, երկրի որեւէ ղեկավար չի կարողանում ազատվել։ Եւ հիմա էլ, հերթական անգամ, մի ողջ «հայրենասիրական ճակատ» պայքարում է, որպեսզի երկրի հերթական ղեկավարը հանկարծ այդ բանաձեւը չորդեգրի ու դրանով չառաջնորդվի։ Ու ինքնամոռաց քարոզվում է, թե՝ նման վտանգ չէր լինի,եթե ժամանակին այս բանաձեւը շրջանառության մեջ դրված չլիներ։

Ասենք, որ առաջին անգամ չէ, որ այս մեղադրանքը նոր մի ալիքով հարուցվում ու տիրաժավորում է Հայաստանի լրագրողական-«վերլուծաբանական»-քաղաքական հանրությունը։ Բայց «տարածքներ խաղաղության դիմաց»-ը չակերտած, այսինքն՝ որպես հեղինակից քաղած ուղիղ բնագրային  խոսք, ավելին՝ որպես «բանաձեւ»  ներկայացնելով, դեռ ոչ մեկը չի հղել դրա աղբյուրը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի որեւէ ելույթ, հոդված, հարցազրույց, տեսանյութ, ձայնագրություն եւ այլն, որտեղ նա բառացի ասած լինի. «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւով»։

Արդ՝ նրան այս խոսքը վերագրողները կա՛մ պետք է ցույց տան դրա աղբյուրը, կա՛մ, տարրական բարոյականության թելադրանքով, ներողություն խնդրեն։ Քավ լիցի, ոչ թե ներողություն խնդրեն Լեւոն Տեր-Պետրոսյանից, այլ հասարակությունից՝ նրան ստեր մատուցելու եւ մոլորության մեջ գցելու համար։

Իրոք որ՝ մեղք են մարդկային բանականությունն ու տրամաբանությունը։

Աշոտ Սարգսյան