04.02.2019 11:33

Վենեսուելա. Մադուրոն չի ընդունել եվրոպական երկրների վերջնագիրը

Վենեսուելա. Մադուրոն չի ընդունել եվրոպական երկրների վերջնագիրը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մերժումով է պատասխանել եվրոպական մի քանի երկրների՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վերջնագրին, և նախազգուշացրել է, որ ճգնաժամը երկրում կարող է վերաճել քաղաքացիական պատերազմի:

ԱՄՆ-ը և շատ այլ երկրներ Մադուրոյին չեն համարում պետության լեգիտիմ առաջնորդ և պաշտպանում են Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուայդոյին, որն անցյալ շաբաթ իրեն հայտարարեց նախագահի պաշտոնակատար:

Ռուսաստանը, Թուրքիան և Չինաստանը պաշտպանում են Մադուրոյին, որը Գուայդոյին մեղադրում է պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ:

Վենեսուելական ընդդիմությունը, ինչպես նաև մի շարք եվրոպական և լատինաամերիկյան երկրներ, չեն ճանաչել Վենեսուելայում 2018 թ. կայացած վերջին նախագահական ընտրությունների արդյունքները:

Անցյալ շաբաթ Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան և Ավստրիան Մադուրոյին վերջնագիր են ներկայացրել՝ կամ նա ութ օրվա ընթացքում ընտրություններ է նշանակում, կամ իրենք պաշտոնապես ճանաչում են ընդդիմադիր կառավարությունը:

Փոխանցում է BBC-ն: