04.02.2019 16:16

Ուշ է տեղ հասել. ՀՅԴ-ն 12 տարի անց արշավ է սկսել Քոչարյանի «Մադրիդյանի» դեմ

Ուշ է տեղ հասել. ՀՅԴ-ն 12 տարի անց արշավ է սկսել Քոչարյանի «Մադրիդյանի» դեմ

Մեկը նայում է, տեսնում է՝ հարեւանը կատաղած,

դանակը ձեռքին վազում է:

Կանգնեցնում է, ասում է՝ էս ո՞ւր ես գնում էսպես կատաղած:

Հարեւանը պատասխանում է՝

գնում եմ դիմացի շենքի Վաղոյին սպանեմ:

Հարցնում է՝ ինչի՞, ի՞նչ է արել քեզ:

Հարեւանն էլ թե՝ 5 տարի առաջ ինձ ասել է բեգեմոտ:

Սա զարմացած հարցնում է՝ բայց դա 5 տարի առաջ էր,

ինչի՞ նոր հիշեցիր:  

Հարեւանն էլ թե՝ էսօր

կենդանաբանական այգի էի տարել երեխեքին:

Աբսուրդն իր ամբողջ պերճանքով. Հայ Դատի գրասենյակը փաստացի հենց Նիկոլ Փաշինյանից պահանջում է չեղարկել 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանի համաձայնությամբ ԼՂ հիմնախնդրի բանակցային հիմնարար փաստաթուղթ դարձած եւ ապա՝ դրանից հետո ավեի քան տասը տարի Սերժ Սարգսյանի կողմից բանակցված «Մադրիդյան սկզբունքները»:

Գանք, սակայն, հերթով:

Հայ Դատի գրասենյակը (ՀՅԴ կուսակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հասարակական աշխատանքների և կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբ) Մադրիդյան սկզբունքների դեմ արշավ է սկսել:

Կոչն արվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը տեսաուղերձով կոչ է արել միանալ Արցախյան հիմնախնդրի լուծման համար առաջադրված Մադրիդյան սկզբունքները մերժելու արշավին:

«Սեղանին դրված համաձայնությունը հայտնի է որպես «Մադրիդյան սկզբունքներ»: Դրանք Արցախին կոչ են անում նախնական, ռազմավարական, տարածքային եւ անդառնալի զիջումների գնալ Ադրբեջանի հետաձգված, անորոշ եւ շրջելի խոստումների դիմաց, այսինքնհող` փաստաթղթի դիմաց:

Հանուն «խաղաղության»` այս գործարքին աջակցելը  հայերից կպահանջի հրաժարվել ոչ միայն գիտակցությունից, այլև ինքնապահպանական բնազդից»,- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ: Ավելին, կոչը տարածվել է «հիմարների համաձայնություն»,մեղմ ասած՝ վիրավորական որակմամբ:

ՀՅԴ կուսակցության հանձնախմբի «ցասման» առիթը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումից հետո տարածված հայտարարություններն էին, որտեղ կողմերը եւ ապա միջնորդները խոսում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության մասին:

Ինչպես հայտնի է, հանդիպել են նաեւ Փաշինյանն ու Ալիեւը, ինչից հետո Փաշինյանը արձանագրել է, որ բանակցային գործընթացի էության մասին բովանդակային քննարկում ինչպես նախկինում, այս անգամ էլ տեղի չի ունեցել, եւ որ կողմերը ընդամենը ներկայացրել են իրենց մոտեցումները:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը, որ իշխանությունը ստանձնելու պահին հստակ արձանագրել էր, օրինակ՝ որ արտաքին քաղաքական ուղղվածության հարցում շեշտակի ռեւերսներ չեն լինելու, ԼՂ հարցում Սարգսյանից ժառանգություն ստացած եւ սեղանին առկա փաստաթղթի մասին հստակ դիրքորոշում չէր հայտնել:

Փաշինյանն, օրինակ՝ հստակ արձանագրել էր, որ ինքը պատրաստվում  է բանակցություններին մասնակցել միայն Հայաստանի անունից, հստակ ասել էր, որ Ղարաբաղի անունից պետք է բանակցեն ԼՂՀ ընտրված իշխանությունները, բայց  այդպես էլ չի նշել, թե, ի վերջո՝ արդյո՞ք ինքը պատրաստ է կամ ցանկանում է շարունակել բանակցությունները այն փաստաթղթի հիման վրա, որ մինչեւ իր իշխանության գալը դրված է եղել բանակցային սեղանին, թե՞ այն վերանայելու կամ փոխելու անհրաժեշտություն է տեսնում:

Փաշինյանն առայժմ երկու հստակ նախապայման է դրել. Ղարաբաղի ընտրված իշխանությունների մասնակցությունը եւ փոխզիջումների վերաբերյալ հարցի հասցեատիրոջ առաջնահերթությունը. այն է՝ մինչեւ փոխզիջումների պատրաստակամության մասին Հայաստանին հարց ուղղելը միջնորդներն այդ հարցը սկզբում պետք է ուղղեն Ադրբեջանին: Այլ որեւէ բան Փաշինյանը չի ասել եւ չի արել:

Դաշնակցությունը, սակայն, 12 տարի անց՝ հանկարծակի հասկանալով «Մադրիդյանի» վտանգը, այդ սկզբունքները մերժելու արշավ է սկսել: Խրո՛խտ արշավ: Իհարկե, «բա ո՞ւր էիք» հարցն արդեն չարչրկված է, սակայն այս պարագայում այն ավելի քան տեղին է:

Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե այդ սկզբունքները լավն են, թե վատը: Հարցն այս պահին այդ փաստաթղթի բովանդակայությունը չէ ամենեւին: Հարցն ավելի քան պարզունակ է. եթե դեմ էիք, ապա ինչու 12, 11, 10 կամ 7 տարի առաջ չէիք սկսել այդ արշավը:

Իսկ թե ուր էր Դաշնակցությունը այն ժամանակ, հայտնի է.

2003 թվականին տեղի ունեցած երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիա է կազմել Հայաստանի Հանրապետական և Օրինան Երկիր կուսակցությունների հետ։

2007 թվականին տեղի ունեցած չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիա է կազմել Հայաստանի Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների հետ։ (Այսինքն, երբ «Մադրիդյան սկզբունքները» ընդունվել էին Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ Դաշնակցությունը նրա իշխանության մաս էր):

2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների պատճառով (ուշադրություն, ոչ թե «Մադրիդյան սկզբունքների», այլ՝արձանագրությունների պատճառով) դուրս էր եկել կոալիցիայից և դարձել ընդդիմություն։ Իսկ Սերժ Սարգսյանը շարունակում էր բանակցություններն այդ սկզբունքների շուրջ:

Ընդ որում, ոչ միայն բանակցում էր, այլեւ՝ արդեն պատրաստ էր այն ստորագրել՝ 2011 թվականին՝ Կազանում: Այդ մասին Սարգսյանը խոստովանեց 2016 թվականին՝ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

«Այսինքն, հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»,- խոստովանում էր Սարգսյանը:

 

2016 թվականին Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստացել է 3 նախարարական, 2 մարզպետական և համեմատաբար ավելի ցածր բազմաթիվ այլ պաշտոններ։ Ընդ որում, ինչպես սեւով սպիտակի վրա արձանագրված է համաձայնագրի տեքստում՝ կողմերը «ձևավորում են քաղաքական կոալիցիա և քաղաքական պատասխանատվություն են ստանձնում կառավարության ՈՂՋ գործունեության համար»:

Դե, իսկ Սերժ Սարգսյանը դեռ շարունակում էր բանակցություններն այդ սկզբունքների շուրջ՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համատեղ պատասխանատվության ներքո:

Եւ ահա, այդ սկզբունքների ընդունումից հետո անցան երկար ու ձիգ 12 տարիներ, անցան Քոչարյանի եւ Սարգսյանի իշխանավարման տարիները, Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, եւ Դաշնակցությունը հիշեց, որ 12 տարի առաջ այդպիսի փաստաթուղթ է դրվել սեղանին: Հայտնի՝ «Քշի Թուրքիա» անեկդոտը դարձավ:

 

Քրիստինե Խանումյան