04.02.2019 17:13

Իտալիան վետո է դրել Գուայդոյին ճանաչելու՝ ԵՄ համատեղ հայտարարության վրա

Իտալիան վետո է դրել  Գուայդոյին ճանաչելու՝ ԵՄ համատեղ հայտարարության վրա

Իտալիան վետո է դրել ԵՄ-ի համատեղ հայտարարության վրա, որում ասվում էր, թե Եվրամիությունը «կսատարի և կճանաչի» Խուան Գուայդոյին՝ որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահի, քանի դեռ նոր նախագահական ընտրություններ տեղի չեն ունեցել, հաղորդել է Politico պարբերականը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Այդ հարցը քննարկվել է հունվարի 31-ին Բուխարեստում ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում, որտեղ առաջարկվել է կազմել ԵՄ արտաքին գործերի հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի համապատասխան հայտարարությունը 28 անդամ երկրների անունից:

«Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Վալստրյոմը ներկայացրել է հայտարարության նախագիծը, և 26 կամ 27 կառավարություններ (Հունաստանի դիրքորոշումն անհասկանալի էր) պաշտպանել են այն: Այնուհանդերձ, Մոգերինին նշել է, որ բանավեճն սպառված է՝ փոխհամաձայնության բացակայության պատճառով, և դրա փոխարեն հայտարարել է «միջազգային կոնտակտային խմբի» մասին»:

Փետրվարի 3-ին Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը հրապարակել է Մոգերինիի և Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսի համատեղ հայտարարությունը Վենեսուելայի հարցով Միջազգային կոնտակտային խմբի առաջին նիստի մասին, որ նախարարների մակարդակով կայանալու է փետրվարի 7-ին Մոնտեվիդեոյում:

«Միջազգային կոնտակտային խմբի նապատակն է լինելու պայմաններ ստեղծել խաղաղ, քաղաքական գործընթացների համար, որոնք վենեսուելացիներին թույլ կտան իրենց ապագան որոշել երկրի սահմանադրությանը համապատասխանող ազատ, թափանցիկ և վստահություն վայելող ընտրությունների միջոցով» ,- ասվում է համատեղ փաստաթղթում:

Փոխանցում է Interfax-ը::