05.02.2019 11:48

Արսեն Գրիգորյան. Հաճախորդը հաշտվել է նստելու մտքի հետ

Արսեն Գրիգորյան. Հաճախորդը հաշտվել է նստելու մտքի հետ

Փաստաբան Հայկ Ալումյանը երեկ դատարանում լրագրողներին ասել է, որ «Ռոբերտ Քոչարյանը պոստ-ֆակտում է տեղեկացել մարտի 1-ի լուսաբացին կատարվածի մասին»: Խոսքը փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում քնած մարդկանց վրա ոստիկանության հարձակումների, այնուհետեւ փողոցներում մարդկանց հետապնդելու մասին է:

Իսկ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանն այդ պահին ի՞նչ էր անում Ազատության հրապարակում:

Սա մի քիչ հռետորական հարց է թիկնազորի պետի երկրային կյանքի վաղեմության ժամկետի պատճառով: Գուցե ե՞ս էի փետրվարի 29-ին ԵՊՀ-ում ասում, որ հրապարակը մաքրելու երկու տարբերակներից մեկը «ոստիկանական գործողություններ կիրառելն է»: Ընդհանրապես՝ ՀՀ գլխավոր ամբաստանյալի հիշողության հետ տարօրինակ բաներ են կատարվում: Ինքը տեղյակ չէ 0038 հրամանից, ինքը տեղյակ չէ մարտի 1-ի առավոտյան քնած մարդկանց վրա հարձակվելուց, տեղյակ չէ, թե ով է տվել մարդկանց վրա կրակելու հրամանը:

Էս մարդը 10 տարի պետություն է ղեկավարել, եթե մեղադրանքի ծավալները մեծացվեն եւ ընդգրկեն իր ընտանիքի հարստությունը, գուցե տեղյակ չլինի էլ, թե փողն ինչպես է հայտնվել որդիների մոտ: Բացառված չէ, որ սկի տեղյակ էլ չէր, թե ինչ փողերով է սաֆարիներում սպանել առյուծների եւ աֆրիկյան այլ կենդանիների:

Չի ասում՝ չեմ հիշում: Գուցե տարիքի վրա գցեր ինչ-ինչ հանգամանքների հետ կապի կորուստը: Ասում է՝ տեղյակ չեմ: Էդ ե՛ս կարող եմ տեղյակ չլինել, թե դիպուկահարներն ինչպես հայտնվեցին հանրահավաքամերձ շենքերի կտուրներին, ով սպանեց 10 հոգու, ինչպես կեղծվեցին ընտրությունները, ինչպես «պետական դավաճան» Արթուր Բաղդասարյանը դարձավ ԱԽ քարտուղար, 1998-2008 թվականներին ու՞ր կորան պետության միլիարդները: Հայաստանում բոլորն անխտիր կարող են չունենալ էս հարցերի պատասխանները: Բայց մեկ մարդ պիտի իմանար եւ, անկասկած, գիտի: Եվ ինքն էլ գիտի, որ էդ մեկ մարդն ինքն է:

Սակայն հիմա տեսեք, թե որտեղ է սխալվում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությամբ զբաղվող թիմը: Պարզ է, չէ՞, որ կամ իրենք են մշակել անտեղյակության էս տակտիկան, կամ Քոչարյանն ինքն է ասել, որ ճիշտը անտեղյակ ձեւանալն է: Լավ, ընդունենք, որ պաշտպանության եւ մեղքը չապացուցելու տեսանկյունից գրագետ մշակված քայլ է: Բայց դուք, պարոն Քոչարյան, ախր հավակնում եք մնալ քաղաքականության մեջ, դուք ասացիք, որ վերադառնում եք քաղաքականություն: Էդ ո՞նց: Եթե պետության համար պատասխանատու մի պահի, երբ ներքին ու արտաքին նշանակության բոլոր զենքերն ուղղված էին հանրահավաք անող մարդկանց վրա, ու դուք տեղյակ չեք եղել, դուք ոչ միայն քաղաքականության մեջ, դուք նույնիսկ ձեր հարազատների կողքին ի՞նչ եք անում: Փաստորեն՝ տեղյակ չեք եղել:

Ախր առանց ձեզ նույնիսկ մեկ փամփուշտի շարժ չի եղել Հայաստանում: Երբ ձեզ հռչակում էիք «վոյին» եւ «միակ տղամարդ», հենց դա նկատի ունեիք՝ որ դուք էս երկրի «կինոյի տղեն» եք, երբ նախագահի ընտրություններին մասնակցում էիք «իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսով, ուզում էիք ասել, որ արդեն ընդգրկել եք ամբողջ երկիրը, որտեղ ձեզ համար ամեն ինչ լեռնային սառնորակ ջրի նման պարզ է: Հիմա պարզվում է՝ տեղյակ չեք եղե՞լ: Այսինքն, ուզում եք ասել, որ պատրաստ եք նստել թեկուզ «պաշտոնեական անգործության» հոդվածո՞վ: Այսինքն, նստել պատրա՞ստ եք: Հոգեբանության մեջ ընդունված է ասել, որ հաճախորդն այսպիսով հաշտվել է նստելու մտքի հետ: Մնում է, որ հաշտվի մեղադրանքի հետ: Ինչն, ի դեպ, սեփական խղճի հետ հանգամանալից երկխոսելու միակ հուսալի ճանապարհն է: