05.02.2019 12:46

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմները

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմները

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բոլոր կրոնների ներկայացուցիչներին կոչ է արել միավորել ջանքերը՝ հանուն խաղաղության և «սրտերի զինաթափման»:

Այդ մասին պոնտիֆիկոսը խոսել է Աբու-Դաբիում ելույթ ունենալիս, որտեղ նա  ժամանել է պապական իշխանության պատմության ընթացքում առաջին այցով: Այստեղ  Միջազգային միջկրոնական հանդիպմանը հավաքվել են տարբեր կրոնների ու դավանանքների առնվազն յոթ հարյուր ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպել է Մուսուլման ավագների խորհուրդը՝ ԱՄԷ իշխանությունների հայտարարած Հանդուրժողականության և համբերության տարվա առթիվ:

«Մենք տեսնում ենք հակամարտությունների  սոսկալի հետևանքները: Պատերազմները ավերածություններ ու տառապանքներ են բերում: Բավական է հիշել Եմենը, Սիրիան, Իրաքը և Լիբիան: Միասին՝ մենք պետք է դիմադրենք զինված ուժերի, պատերի կառուցման և սահմաններն ամրացնելու տրամաբանությանը, և այդ հարցում մեզ օգնական են աղոթքն ու երկխոսությունը»,- մասնավորապես՝ ասել է Ֆրանցիսկոս պապը:

Աբու-Դաբիում Ֆրանցիսկոսին ընդունել է իսլամական հնագույն և ամենախոշոր «Ալ-Ազհար» համալսարանի գերագույն իմամ, շեյխ Ահմեդ ատ-Թեյիբը, որի հետ պոնտիֆիկոսը ստորագրել է համատեղ հռչակագիր՝ «Մարդկային եղբայրության մասին՝ հանուն խաղաղության և խաղաղ գոյակցության»:

Երեքշաբթի Ֆրանցիսկոս պապը ժամերգություն է անցկացնելու Աբու-Դաբիի մարզադաշտում, որտեղ 135 հազար մարդ է սպասվում:

Փոխանցում է euronews-ը: