05.02.2019 13:18

Մադուրոն խոստացել է ԱՄՆ ռազմական միջամտության դեմ 10 մլն ստորագրություն ուղարկել Թրամփին

Մադուրոն խոստացել է ԱՄՆ ռազմական միջամտության դեմ 10 մլն ստորագրություն ուղարկել Թրամփին

Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վենեսուելայի ժողովրդի բողոքն արտահայտող և 10 մլն վենեսուելացիների կողմից ստորագրված փաստաթուղթ կուղարկի՝ ընդդեմ ԱՄՆ ռազմական միջամտության:

«Այն կստորագրի առնվազն 10 մլն վենեսուելացի, մենք այդ փաստաթուղթը կուղարկենք Սպիտակ տուն՝ պահանջելով հարգել ժողովրդի իրավունքը»,- հայտարարել է Մադուրոն՝ դիմելով երկրի բնակչությանը:

Նա ԱՄՆ ռազմական միջամտության ծրագիրն անվանել է «խելագարություն»:

Անցյալ կիրակի Թրամփը CBS-ին տված հարցազրույցում չի բացառել ռազմական ներխուժման տարբերակը:

Միևնույն ժամանակ, Մադուրոն «անհեթեթ» է անվանել Օտտավայում Լիմայի խմբի հանդիպման ամփոփիչ փաստաթուղթը՝ հայտարարելով, որ այն «ծիծաղ ու սրտխառնուք» է առաջացնում:

Այդ փաստաթղթում հանդիպման մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են անում արգելափակել Մադուրոյի վարչակազմի արտասահմանյան ակտիվները, որպեսզի նա զրկվի նավթի, ոսկու կամ այլ ոլորտներում գործողություններ իրականացնելու հնարավորությունից: Խումբը նաև դիմել է Վենեսուելայի բանակին՝ կոչ անելով անցնել Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյի կողմը:

Փոխանցում է Interfax-ը: