06.02.2019 11:36

Թրամփի ուղերձը Կոնգրեսին

Թրամփի ուղերձը Կոնգրեսին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Երկրում իրերի դրության մասին»  ուղերձով դիմել է Կոնգրեսին:

Նրա ելույթը, հանրապետականների բարձրացրած օվացիաների հետ միասին, տևել է մեկ ժամ քսան րոպե: Թրամփը խոսել է ներքին քաղաքականության, այդ թվում՝ տնտեսական բլոկի, և արտաքին բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:

Մասնավորապես,  1987 թ. ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ Թրամփը մեկ անգամ ևս կրկնել է, թե ԱՄՆ-ը հետևում էր Պայմանագրի յուրաքանչյուր տառին, մինչդեռ Ռուսաստանը խախտում էր Պայմանագրի դրույթները:

Վենեսուելայի վերաբերյալ Թրամփը կրկին աջակցություն է հայտնել այդ երկրի ընդդիմությանը: «Մենք պաշտպանում ենք Վենեսուելայի ժողովրդին և նրա ազատատենչությունը, և մենք դատապարտում ենք Մադուրոյի վարչակարգը, որի սոցիալիստական քաղաքականությունը Հարավային Ամերիկայի այդ ամենահարուստ երկիրը հասցրել է ծայրահեղ աղքատության  ու հուսահատության»,- ասել է նա:

Պաշտոնն ստանձնելուց հետո Թրամփն առաջին անգամ էր ելույթ ունենում Կոնգրեսի առջև, որի պալատներից մեկում մեծամասնությունն անցել է ընդդիմադիր դեմոկրատներին: Դեմոկրատական կուսակցության անդամ կանայք լռելյայն իրենց «հայտարարությունն են արել»՝ դահլիճ գալով կանանց ընտրական իրավունքի համար պայքարող սուֆրաժիստուհիների շարժմանը բնորոշ սպիտակ հագուստով: Այդ կերպ նրանք իրենց վերաբերմունքն են արտահայտել նրան, թե ինչպես է Թրամփի վարչակարգը լուծել կանանց համար կարևոր հարցերը՝ առողջապահությունից մինչև աշխատանքի հավասար վարձատրություն:

Փոխանցում է BBC-ն: