ԻՊ-ի բրիտանացի պատանդ լրագրողը գուցեև դեռ ողջ է

Բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին, որ ավելի քան վեց տարի առաջ Սիրիայում պատանդ էր ընկել «Իսլամական պետության» գրոհայիններին, ըստ որոշ նշանների՝ դեռ ողջ է, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի փոխնախարար, անվտանգության հարցերի պատասխանատու Բեն Ուոլեսը:
Ֆոտոլրագրող Ջոն Քենթլին՝ Հեմփշիր կոմսությունից, իսլամիստերին գերի է ընկել 2012 թ.: Նրան հաջողվել է փախչել, բայց մի քանի ամիս անց կրկին բռնվել է:
2016 թ. մարտին ԻՊ-ն համացանցում տեսագրություն էր տեղադրել բրտանացի լրագրողի մասնակցությամբ:
Բրիտանացի պաշտոնյայի հայտարարությունն այն մասին, թե Քենթլին, հնարավոր է, դեռ ողջ է, անակնկալ է եղել լրագրողի հարազատների համար, քանի որ Քենթլիի ճակատագրի վերաբերյալ բրիտանական իշխանությունների նախորդ հայտարարություններից կարելի էր հետևություն անել, որ նա զոհվել է:
ՆԳ փոխնախարար Բեն Ուոլեսը չի պարզաբանել, թե ինչի հիման վրա են արված իր ենթադրությունները:
Փոխանցում է BBC-ն: