06.02.2019 13:47

Դերասան Զելենսկին Ուկրաինայի նախագահական ընտրությունների ֆավորիտն է

Դերասան  Զելենսկին Ուկրաինայի նախագահական ընտրությունների ֆավորիտն է

Միանգամից երկու հեղինակավոր սոցիոլոգիական ծառայություններ անցյալ շաբաթ  հաղորդեցին, որ Ուկրաինայի նախագահական ընտրապայքարում առաջին հորիզոնական է դուրս եկել կատակերգակ դերասան Վլադիմիր Զելենսկին՝ այդ պայքարում առաջ անցնելով Ուկրաինայի քաղաքականության վետերաններ Յուլյա Տիմոշենկոյից և Պետրո Պոռոշենկոյից:

Նախագահական ընտրապայքարին իր մասնակցության մասին Զելենսկին հայտարարել է անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին՝ նախագահի ամանորյա ուղերձի տեսքով նկարված հոլովակում:

Զելենսկին հայտնի է որպես «95 թաղամաս» (95 квартал) սթենդափ-շոուի համահեղինակ, նա խաղացել է մի քանի ֆիլմերում, հայտնի է նաև «Ժողովրդի ծառան» սերիալով, որտեղ կատարում է գլխավոր դերը՝  անփորձ, բայց և անկաշառ, միամիտ, բայց սկզբունքային պատմության ուսուցչի, որն անսպասելիորեն ընտրվում է նախագահ:

Կիևում այժմ ավարտվում են  ամենահեղինակավոր հեռուստանախագծերի վարկանիշը գլխավորող ուկրաինական այդ սերիալի երրորդ սեզոնի նկարահանումները: Եվ վերլուծաբանների կարծիքով՝ Վլադիմիր Զելենսկին ծրագրել է կրկնել ֆիլմի գլխավոր հերոսի ճանապարհը:

«Ես և իմ հերոսը, իհարկե, տարբեր մարդիկ ենք: Բայց մեր բարոյական արժեքները համընկնում են»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկին:

Փոխանցում է BBC-ն: