06.02.2019 14:20

Լիզա Ճաղարյան. «Քաոս» չի, արդիաշունչ փողոցային «ռազբիրատ» է

Լիզա Ճաղարյան. «Քաոս» չի, արդիաշունչ փողոցային «ռազբիրատ» է

Շիրվանզադեի համանուն վեպի հիման վրա, 1973 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է «Քաոս» ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորը Լաերտ Վաղարշյանն է (մեծանուն դերասան Վաղարշ Վաղարշյանի որդին է)։ Կինոկրթություն է ստացել Մոսկվայի համամիութենական ինստիտուտում։

Օպերատորը Լեւոն Աթոյանն է (Վիքիպեդիայում չփնտրեք, ցավոք՝ չեք գտնի կես դարից ավելի իր կյանքը կինոյին նվիրած, 30-ից ավելի ֆիլմերի հեղինակ վաստակաշատ օպերատորին)։  

Սոս Սարգսյան, Բաբկեն Ներսիսյան, Վաղինակ Մարգունի, Կարեն Ջանգիրյան, Ազատ Շերենց, Կարեն Ջանիբեկյան, Հայկուհի Գարագաշ, Երվանդ Մանարյան... Բոլորին չթվարկեմ։ Այդ տարիների լավագույն դերասանների ծաղկաբույլն է այս ֆիլմում։

Սցենարի հեղինակը Վադիմ Մելիքսեթյանն է։ Իմ սերնդակից թատերասերները պետք է որ հիանալի հիշեն այս մարդուն։ Նա Սունդուկյանի անվան թատրոնի գրական մասի վարիչն էր, եւ գեղարվեստական ղեկավարին գրեթե հավասար ճանաչում եւ հեղինակություն ուներ, որովհետեւ հայոց լեզվի անաղարտության խնդիրն այդ տարիներին թատրոնում բեմադրական աշխատանքին հավասար արժեք էր։

Եվ ի  դեպ՝ «Քաոս» ֆիլմը Համամիութենական փառատոնի լավագույն էկրանավորման մրցանակին է արժանացել 1975 թվականին։

Շատ տարիներ առաջ եմ դիտել այս ֆիլմը։ Չգիտեմ, եթե հիմա նայեմ՝ ինչ տեսակետ կհայտնեմ, բայց մի բան հաստատ գիտեմ՝ բացառվում է, որ մտածեմ՝ ստեղծագործական խումբը ծաղրել է Շիրվանզադեին ու հանդիսատեսին։ Հայ դասականի գրական գործի հանդեպ հարգանքը եւ չափի զգացումը պահպանած ֆիլմ էր, սա լավ եմ հիշում։

Թույլատրելի՞ է դասականների ստեղծագործությունները վերաիմաստավորել, փոփոխել, կրճատել, հավելել, գլխիվայր շրջել։ Ամեն ինչ էլ թույլատրելի է, եթե նպատակը տվյալ ստեղծագործության շա՛տ ավելի բարձր մակարդակի ապահովումն է։ Ընդամենը գրում ես, որ ֆիլմն ստեղծվել է տվյալ գրական գործի հիման վրա ու խելքիդ փչածն անում ես։

Իսկ ահա մեր ժամանակակից կինոստեղծագործողների ճնշող մեծամասնության համար «խելքին փչած» նշանակում է՝ դասականի գործածած հայոց լեզուն վերաձեւել եւ դարձնել փողոցի լեզու, որովհետեւ, դե հասկանում եք էլի՝ արդեն ապացուցված, կնքված ու հաստատված է, որ մեր գրական լեզուն «կեղծ է, բնական չի», մինչեւ վերջին տարիները նկարահանված բոլոր ֆիլմերում «է» օժանդակ բայի գործածումը սղոցել է մեր «բնական ու անկեղծ» ականջները, Շիրվանզադեն էլ դրա մասին չգիտեր, հետամնաց, կիսագրագետ մարդ էր, ու «Քաոս» սերիալը նկարահանողներն ուղղել են այդ «պատմական անարդարությունը» եւ խմբագրել են նրան՝ իրենց իմացած հայերենը առաջ բրթելով, որ «անկեղծ ու բնական» ֆիլմ մատուցեն։

Չի ստացվել։ Հերթական էժանագին, ցածրորակ սերիալն է՝ գողական ռազբիրատներով, սիրողական մակարդակի դերակատարումներով, որոնցով լեփ-լեցուն են Հայաստանի գրեթե բոլոր հեռուստաալիքները, եւ որքան էլ խուսափում ես՝ սրանք աներեսի պես ներխուժում են յուրաքանչյուրիս տուն, եւ եթե նույնիսկ այդ ներխուժումն ընդամենը երկու-երեք րոպե է տեւում, այդքանն էլ բավական է՝ «հայկինո» բառից սարսռալու համար։

Եվ մեկ էլ մի հարց՝ մեր բոլոր դասականների ստեղծագործությունները հասցրել ենք էկրանավորել, հիմա էլ ստիպված վերանկարահանու՞մ ենք։

Չգիտեի։ Բա շուտ ասեիք։