07.02.2019 09:00

Ռոբերտ Քոչարյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա իշխանության տարիների ձեռքբերումների մասին

Ռոբերտ Քոչարյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա իշխանության տարիների ձեռքբերումների մասին

Մարտի 1-ի քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքի առաջադրումից հետո վերջինիս աջակիցների քարոզչական դաշտում փորձ է արվում սլաքները շեղել Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ՝ միաժամանակ լիովին սեւացնելով նրա իշխանավարման տարիների պատմությունը եւ ռոբա-սերժական վարչախմբի բոլոր արատները բացատրելով 1990-ականներից ժառանգած ավանդույթներով։ Ուստի, մեկնաբանությունները թողնելով ընթերցողին, ավելորդ չենք համարում եւս մեկ ամգամ հիշեցնել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի անձն ու նրա իշխանության տարիների պատմական ձեռքբերումներն ինչպես է ժամանակին գնահատել ոչ այլ ոք, քան ինքը՝ Նորին Վսեմություն Ռոբերտ Քոչարյանը։

 

1. «Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին. Արցախի ժողովրդի եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան 50-ամյակը։ Հայաստանի անկախության, հայկական նոր ժողովրդավարական պետության ստեղծման գործում Դուք ուժ ու եռանդ չեք խնայել, առաջնորդվելով հայ ժողովրդի այն ձգտումներով, որ Հայաստանը լինի ազատ եւ տնտեսապես բարգավաճ երկիր։ Արցախի երախտագետ ժողովուրդը երբեք չի մոռանա Ձեր անձնական ներդրումը մեր հերոսական գոյապայքարում: Մենք մեր թիկունքում միշտ զգացել ենք մայր Հայաստանի, Հայաստանի Հանրապետության իշխանությունների զորակցությունը։ Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ ղարաբաղյան երկարակեցություն՝ ի փառս այն նոր ու մեծ գործերի, որի իրականացմանն են ուղղված հայ ժողովրդի ջանքերը» (ՀՀ Առաջին Նախագահի Արխիվ, թղթ. 03/09.01.1995։ Կրճատումներով հրատարակված՝ Լ. Տեր-Պետրոսյան. Վերադարձ, Երեւան, 2009, էջ 79)։

2. «Այսօր ԼՂՀ-ն կայացած հանրապետություն է, որն ունի ինքնուրույն տնտեսություն, մարտունակ բանակ, ներքին կայուն իրավիճակ եւ հարգանք միջազգային հանրության կողմից: Մեզ համար պարզ է, որ այս ամենը դժվար թե լիներ, եթե մեր թիկունքում չլիներ Հայաստանի Հանրապետությունը... Ես կուզեի շեշտել Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում: Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք: Դա Ղարաբաղում հասկանում են բոլորը, եւ ինձ թվում է, որ Հայաստանում եւ Սփյուռքում՝ նույնպես» («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 19.09.1996թ., վերահրատարակված՝ Լ. Տեր-Պետրոսյան. Վերադարձ, Երեւան, 2009, էջ 79):

3. «Անկախություն ձեռք բերելուց հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ունի մի շարք կարեւոր ձեռքբերումներ՝

ա) բազմաթիվ փորձություններ անցած ֆինանսական կայունությունը, հետեւողականորեն իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականությունը, վերահսկվող ու ցածր մակարդակ ունեցող սղաճը եւ բաց տնտեսության արտաքին տնտեսական քաղաքականությունը.

բ) ոչ պետական հատվածի ձեւավորումը՝ շնորհիվ զանգվածային մասնավորեցման, եւ դրա գերակշիռ դերը երկրի համախառն ներքին արդյունքի ձեւավորման գործում.

գ) տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը, դրա զարգացման համար նախադրյալների ստեղծումը.

դ) միջազգային, այդ թվում՝ ֆինանսական կառույցներին անդամակցությունը, այդ կազմակերպություններից արտոնյալ վարկեր ստանալու լայն հնարավորություններն ու այդ կազմակերպություններում Հայաստանի դրական համբավը.

ե) տարբեր պետություններից 1992 թվականից ի վեր ստացվող նշանակալի օգնությունը, որը նույնպես վկայում է Հայաստանին աշխարհում վստահելի գործընկեր ճանաչելու մասին.

զ) էներգետիկ ճգնաժամի հաղթահարումն ու Հայաստանն էներգոդեֆիցիտ երկրից էներգիայի պոտենցիալ արտահանող դարձնելը.

է) 1994 թվականից մինչեւ այժմ շարունակվող, իհարկե ոչ բավարար տնտեսական աճը.

ը) մարտունակ բանակի կայացումը, հաղթանակը Ղարաբաղում եւ 1994 թվականից պահպանվող զինադադարը.

թ) ժողովրդավարական պետության եւ շուկայական տնտեսության համար անհրաժեշտ հիմնական կառույցների առկայությունն ու կանոնակարգված աշխատանքը.

ժ) Սահմանադրության ընդունումը եւ դրանում ամրագրված համակարգերի աստիճանական ձեւավորումը.

ժա) խոսքի եւ մամուլի ազատությունը.

ժբ) այլակարծության վրա խարսխված բազմակուսակցական քաղաքական համակարգը.

ժգ) բոլոր մակարդակների ընտրությունների ավելի ու ավելի ժողովրդավարական բնույթը, պետության կառավարման գործընթացներում բնակչության պատասխանատու մասնակից դարձնելը.

ժդ) Հայաստանը ներգրավված է եւ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջազգային, եվրոպական, ԱՊՀ եւ տարածաշրջանային կառույցներին: Էական դրական տեղաշարժեր են արձանագրված երկկողմ եւ բազմակողմ միջպետական հարաբերությունների ոլորտում, որի արդյունքում ձեւավորվել են Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, եվրոպական, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների, ինչպես նաեւ բազմաթիվ այլ պետությունների հետ բարեկամական փոխշահավետ հարաբերություններ։ Հայաստանը կարեւորել է տարածաշրջանային համագործակցության զուգակցումը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներին։ Մենք հետեւողական ենք մեր հարեւանների հետ խաղաղ, տնտեսական փոխշահավետ միջպետական կապերի ձեւավորման գործում» («ՀՀ պաշտոնական տեղեկագիր», Թ. 30 (96), 06.12.1999թ., էջ 151–152։ Վերահրատարակված՝ Լ. Տեր-Պետրոսյան. Վերադարձ, Երեւան, 2009, էջ 85–87):

 

iLur.am