07.02.2019 12:04

Տուսկ. Գործողությունների պլան չունեցող Brexit-ի կողմնակիցները տեղ ունեն դժոխքում

Տուսկ. Գործողությունների պլան չունեցող Brexit-ի կողմնակիցները տեղ ունեն դժոխքում

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ասել է, թե այն մարդկանց համար, ովքեր կոչ են անում Բրիտանիային դուրս գալ Եվրամիությունից՝ առանց որևէ գործողության պլանի, դժոխքում հատուկ տեղ է պահված:

Այդ մասին նա հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ բանակցություններից հետո:

 Տուսկի խոսքերը զայրացրել են բրիտանացի խորհրդարանականներին, որոնք կողմ են Brexit-ին: Նրանք Տուսկին մեղադրել են ամբարտավանության մեջ: Միացյալ Թագավորության անկախության կուսակցության նախկին առաջնորդ, ներկայում Եվրախորհրդարանի անկախ անդամ Նայջըլ Ֆարաժն իր twitter-յան էջում գրել է. «Brexit-ից հետո մենք կազատվենք ձեզ նման չընտրված ու անամոթ խուլիգաններից և ինքներս կկառավարենք մեր երկիրը»:

Աջակողմյան Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության մամլո քարտուղար Սեմի Ուիլսոնը հայտարարել է. «Այդ եվրամոլագարը ամեն կերպ ջանում է պահպանել եվրոպական բյուրոկրատիայի կապանքները, որոնք պարուրել են Բրիտանիան: Հենց Տուսկը և ԵՄ-ից նրա անամոթ բանագնացներն են վախի մթնոլորտ ստեղծում՝ փորձելով չեղարկել հանրաքվեի արդյունքները»:

Բրյուսելյան պաշտոնյաները շտապել են մեկնաբանել Տուսկի հայտարարությունը՝ BBC-ի թղթակցին հավաստիացնելով, որ brexit-ի կողմնակիցներին դժոխքում հատուկ տեղ է սպասվում մահվանից հետո, այլ «ոչ թե  հենց հիմա»:

Փոխանցում է BBC-ն: