07.02.2019 15:38

Լիզա Ճաղարյան. Ճիշտ եմ ասում, չէ՞, պարոն Ալումյան

Լիզա Ճաղարյան. Ճիշտ եմ ասում, չէ՞, պարոն Ալումյան

Գլխավոր ամբաստանյալը, ըստ փաստաբան Ալումյանի, այսօր Վերաքննիչ դատարանից բանտախուց վերադառնալուց առաջ ասել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Բա ճիշտ է ասում։ Արդեն ողջ հանրությունը քաջատեղյակ է՝ էս մարդն իր համար մի պուճախում նստած մածուն էր ուտում հայտնի անեկդոտի մանկիկի նման, ոչ մեկի չէր խանգարում, ու հանկարծ պարզվում է՝ էդ ընթացքում էն ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով ոստիկանները զենքուզրահով հարձակվել են Ազատության հրապարակում խաղաղ քնած ցուցարարների վրա եւ ծեծուջարդով հետապնդել քաղաքի փողոցներում, չխնայելով նաեւ բանից անտեղյակ աշխատանքի շտապող քաղաքացիներին։ Ճիշտ է, մինչ այդ հանգուցյալ Գորիկ Հակոբյանն իրեն արդեն զեկուցել էր, որ Ազատության հրապարակի վրաններից մեկում մի հարբած ցուցարար մատը մտցրել է նռնակի օղակի մեջ ու պտտեցնում է, բայց դե՝ կատարը տաքացած ՀՀ քաղաքացի է, էլի, իր մատն է՝ որտեղ կուզի կմտցնի ու կպտտի։ Ինքը ժողովրդավար, մեծահոգի ղեկավար էր, Գորիկ Հակոբյանին ասել էր՝ թեթեւ տար։ Ա՛յ, ուրիշ բան, եթե ԱԱԾ-ի ղեկավարը զեկուցեր, որ Ազատության հրապարակում մի հարբած ցուցարար ասել է՝ պրիվետռոբ։ Բայց ինքը նման տեղեկություն չի ստացել։ Այնպես որ՝ Հայկ Հարությունյանի մութ գործերից տեղյակ չի։

Ավելին, էս մարդը, բանից անտեղյակ, մտքում իր ապագա «պատմավեպի» մասին էր մտմտում, եւ նրա թիկունքում ՀՀ պաշտպանության նախարար Միխայիլ Հարությունյանը նենգաբար 0038 հրամանն է արձակել ու զորքը սահմաններից բերել՝ լցրել է Երեւանի կենտրոնական փողոցները։ Ճիշտ է, իրեն արդեն զեկուցել էին, որ Լեոյի փողոցում մի ցուցարար ավտոբուսի հետեւից դուրս է գալիս՝ կրակում, հետո թաքնվում, հետո նորից դուրս է գալիս՝ կրակում ու թաքնվում, բայց հո կրակելիս չէ՞ր ասում «պրիվետռոբ», Հայաստանի ազատ քաղաքացի է, թող մեկ-մեկ էլ կրակի։

Հիմա չարամիտները հաստատ կհակադարձեն, թե՝ բա լավ, ինչու՞ գերագույն հրամանատարը՝ Հայաստանի «միակ տղամարդը», ավելին՝ «վոյինը», չի պատժել ինքնագլուխ գործող այդ պաշտոնյաներին, ինչու՞ է ամեն ինչ արել, որ չբացահայտվեն սպանությունները։ Մի՞թե պարզ չի։ Որովհետեւ շատ բարի է, ժողովրդական լեզվով ասած՝ սրտից խեղճ է, չի՛ կարողանում էս մարդը վատություն անել մերձավորներին, հո զոռով չի՞։ Հո չե՞ք մոռացել, որ Հոկտեմբերի 27-ի բոլոր կասկածյալներին բարձր պաշտոններով «պատվեց»։ Որովհետեւ մերձավորներ էին։ Հակառակի պես։

Հիմա չարակամները կքմծիծաղեն՝ էդ դեպքում ինչու՞ էր բանտերը լցնում անմեղ մարդկանցով։ Ոնց որ թե ուշ եք հասկանում, հա՞։ Պարոն Քոչարյանը տեղյակ չէր, որ բանտերում անզեն ցուցարարների են խոշտանգում։ Ինքը դրա մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ Հայաստանի նախագահի աթոռին արդեն Սերժիկ Սարգսյանն էր բազմած։ Իր ձե՞ռն ինչ կար։

Անմեղ մարդուն բանտախցում փակել են, հետո էլ զարմանում են, որ ասում է՝ ես քաղբանտարկյալ եմ։

Բա ի՞նչ չոռուցավ է։

Ճիշտ եմ ասում, չէ՞, հարգարժան պարոն Ալումյան։