07.02.2019 16:17

Մարիա Բուտինայի սիրեկանին ԱՄՆ-ում խարդախության մեղադրանք է ներկայացվել

Մարիա Բուտինայի սիրեկանին ԱՄՆ-ում խարդախության մեղադրանք է ներկայացվել

Մարիա Բուտինայի մտերիմ ընկերոջը՝ Փոլ Էրիքսոնին, ԱՄՆ-ում խարդախության և փողերի լվացման մեղադրանք է ներկայացվել: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել: Էրիքսոնի հասցեին մեղադրանքները վերաբերում են ներդրողներին խաբելուն և կապ չունեն Բուտինայի գործի հետ, հաղորդել են Հարավային Դաքոթա նահանգի դատախազությունից:

Մարիա Բուտինան անցյալ դեկտեմբերին դատարանում խոստովանել է, որ մասնակցել է ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդեցություն գործելու նպատակով ամերիկացիների հետ ոչ պաշտոնական կապեր հաստատելու դավադրությանը: Այն ժամանակ նա հայտնել էր, որ պատրաստ է խոսել ԱՄՆ մի քաղաքացու մասին, որի հետ նա գործարքի մեջ է մտել՝ տեղի քաղաքական շրջանակների հետ կապեր հաստատելու համար, և ռուսաստանցի մի պաշտոնյայի մասին, որը, Բուտինայի ասելով՝ ղեկավարել է իր գործողությունները:

Պարզվել է, որ պաշտոնյան Ռուսաստանի բանկի նախկին փոխնախագահ Ալեքսանդր Տորշինն է, որի օգնականն է եղել Բուտինեն մի քանի տարի: Իսկ ամերիկացին, որի վերաբերյալ նա պատրաստ է եղել ցուցմունք տալ, Փոլ Էրիքսոնն է՝ Հանրապետական կուսակցության ակտիվիստ:

Ինչպես հաղորդել են դատախազությունից, 1996-2018 թթ. ընթացքում Էրիքսոնը խարդախության սխեմա է մշակել, որի շնորհիվ տարբեր պատրվակներով մարդկանց համոզել է ներդրումներ անել իր բիզնեսում, իսկ այնուհետև այդ փողերն օգտագործել է սեփական նպատակներով:

Ռուսաստանի քաղաքացի Մարիա Բուտինան ԱՄՆ-ում կալանավորվել է 2018 թ. հուլիսին: Նա կարող է դառնալ առաջին ռուսաստանցին, որ կդատապարտվի նախընտրական շրջանում ամերիկյան քաղաքականության վրա ազդեցություն գործելու մեղադրանքով:

Փոխանցում է BBC-ն: