08.02.2019 11:23

Արսեն Գրիգորյան. «Ուստավի մեռածը»

Արսեն Գրիգորյան. «Ուստավի մեռածը»

3 օր առաջ մարտի 1-ի օրերին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվել Հ1-ին: Այդ հարցազրույցում մարտի 1-ի գործով ամբաստանյալը, քիչ է ասել, որ չի ընդունում բանակի ապօրինի մուտքը Երեւանի փողոցներ, նա մի շշմեցուցիչ հակափաստարկ է բերում, թե ինչու պիտի մտներ Երեւան. «Վատ կլիներ, չէ՞, եթե հանկարծ նստած լինեի, ու գային գլխավոր շտաբը գրավեին»:

Սա ասում է ընդդիմությանը միացած երկրապահի առիթով: Իբր՝ թուր ու թվանք առնելու էին ու սկսեին քաղաքը գրավել: Այսինքն՝ ընդդիմության առաջնորդը կամ նման հրաման էր տալու, կամ չէր կարողանալու կանխել, եթե հանկարծ երկրապահները նման բան անեին: Այսինքն՝ Սեյրան Օհանյանը հիմա էլ է համոզված, որ դա լինելիք բան է: Այսինքն՝ էս մարդը այսօր էլ կասկած չունի, որ այն ժամանակ ընդդիմությունը մտադիր էր տապալել սահմանադրական կարգը, եւ որ, մեծ հաշվով, փողոցում իշխանության մեռած ընդդիմություն էր:

Այս հարցազրույցը օրիգինալ է ոչ թե Սեյրան Օհանյանի պատասխաններով, այլ բառերի արանքում արված կմկմոցներով: Սեյրան Օհանյանը եւ Պետրոս Ղազարյանը խոսում են տարբեր լեզուներով: Առաջինը չի ուզում ընդունել, որ երկրում չի եղել տեռորիզմի վտանգ, ռազմական դրություն եւ հայտարարված պատերազմ, որոնց պատճառով բանակը կարող էր խառնվել ներքաղաքական խնդիրներին, երկրորդը չի կարողանում նրան հասկացնել, թե բանակն ի՞նչ գործ ուներ Երեւանի փողոցներում, եթե հիշյալ սպառնալիքներից որեւէ մեկը չկար: Սեյրան Օհանյանը չի ուզում ասել, որ Գերագույն գլխավոր հրամանատարը ղալաթ է արել, որ արտակարգ դրություն է հայտարարել, չի ուզում ասել, որ պաշտպանության նախարարը Սահմանադրություն է խախտել 0038 հրամանը ձեւավորելիս, այլ կմկմոցներով փորձում է բացատրել, թե ինքն ինչու չէր կարող զինված ուժերը չբերել Երեւան: Առանց փաստարկելու:

Մարդը վկայակոչում է ինչ-որ փաստաթղթեր, որոնց մասին Սահմանադրությունում նույնիսկ ինքնիմաստ ստորակետ չկա: Օհանյանն անշուշտ չի ուզում կամ չի կարող ասել, որ Գերագույն գլխավոր հրամանատարը մարտի 1-ի օրերին գործել է ի հեճուկս Սահմանադրության եւ օրենքների, բայց նա չի ուզում ընդունել, որ գլխավոր շտաբի պետը միայն «ուստավի մեռածը» չէ, նա նաեւ օրենքների գիտակն է: Նա պարտավոր էր վիճարկել ցանկացած հրաման, որն անօրինական է: Իսկ չի վիճարկել, որովհետեւ պետություն ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյան այս օրը չի պատկերացրել, նա չի ենթադրել, որ պատասխան տալու օրը գալու է: Նա չի տեղավորվում այս օրերի տարակուսանքի ու հարցերի մեջ: Մի ամբողջ քրեական գործ կա, հանրապետության երբեմնի նախագահ է կալանավորված, իսկ նա դեռ դիմադրում է: Ու՞մ՝ պետությանը, որն արդարության գործիք է: Այսինքն՝ դիմադրում է արդարությանը:

Կարելի՞ է հասկանալ Սեյրան Օհանյանին: Գուցե կարելի էր, եթե քրեական գործի եւ պետության սահմանադրական իրավասություններն իրականացնելու փոխարեն գործ ունենայինք թաղի ռազբորկայի հետ: Բայց, հակառակի պես, նման բան չկա: Սեյրան Օհանյանն ու նոր Հայաստանը միմյանց հետ չեն խոսում: Որպեսզի կարողանան խոսել, գոյություն ունեն օրենքներ, որոնք բոլորն արդեն իսկ ընդունված էին այն օրերին, երբ ինքը գլխավոր շտաբի պետ էր: Ինքը նույնպես ամբաստանյալ է, սակայն դիմադրում է մեղադրանքին: Դիմադրում է՝ չունենալով ոչ մի հարցի պատասխան:

Ինչպե՞ս վարվել: Հեծանիվ հայտնագործելու կարիք չկա: Քրեական գործ հարուցելիս նոր Հայաստանը նաեւ Սեյրան Օհանյանի արդարության զգացումը արթնացնելու միակ պետական օրգանն է, հետեւաբար՝ գործը պետք է տանել մինչեւ վերջ: Ինչու՞: Որովհետեւ Սեյրան Օհանյանն ինքն էլ գիտի, որ այն օրերին ամեն հրաման, առաջին տառից մինչեւ վերջինը, եղել է անօրինական: Միակ բանը, որին նա պետք է առերեսվի, այն է, որ օրենքը «թասիբ» չի ճանաչում, բոլորին մերկացնելու է մինչեւ վերջ: Մերկացնելու է բոլոր նրանց, ովքեր հանցավոր հրամաններ կատարելիս մանկապարտեզի երեխա եւ նույնիսկ դպրոցական չեն եղել, երբ հարցերին կմկմալով պատասխանելը մի կերպ ընկալվում է:

Սեյրան Օհանյանի մասնակցության դրվագները պետք է քննվեն մանրամասն, որպեսզի ոչ մի հաջորդ Գլխավոր շտաբի պետի մտքով չանցնի, որ իշխանությանը հավատարիմ լինելը գերադասելի է օրենքին հավատարիմ լինելուց: