08.02.2019 13:52

«Սկրիպալների գործով» երրորդ կասկածյալը ու ևս երկուսը

«Սկրիպալների գործով» երրորդ կասկածյալը ու ևս երկուսը

Երրորդ մարդը, որին Մեծ Բրիտանիայում համարում են ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով կասկածյալ,  միջադեպից հետո նախորդ երկու կասկածյալների հետ միասին չի վերադարձել Մոսկվա, հաղորդել է The Daily Telegraph թերթը:

Թերթի աղբյուրների տվյալներով՝ այդ մարդու անունը Սերգեյ Ֆեդոտով է:

«Բայց հիմա, աղբյուրների համաձայն, պարզվել է, որ Ֆեդոտովը չեղարկել է այդ չվերթում իր և իր ուղեբեռան գրանցումը»,- գրել է թերթը: Պարբերականի տվյալներով՝ նա պետք է թռչեր նույն չվերթով, ինչ նախորդ երկու կասկածյալները:

Պարզ չէ, թե Ֆեդոտովն ինչու է հրաժարվել թռիչքից, սակայն դա թույլ է տալիս ենթադրելու, որ նա մնացել է Մեծ Բրիտանիայում, համենայն դեպս՝ Սկրիպալների թունավորումից հետո մի քանի օր ևս: Աղբյուրներին հայտնի չէ՝ արդյո՞ք հնրավոր է, որ Ֆեդտովը մինչև հիմա էլ Մեծ Բրիտանիայում է: «Հնարավոր է՝ Ֆեդոտովը մնացել է Մեծ Բրիտանիայում, երբ պարզվել է, որ Սկրիպալները չեն մահացել»,- նշում է թերթը:

Բացի այդ՝ Բրիտանիայի ոստիկանությունը կարծում է, որ, ընդհանուր առմամբ, «Սկրիպալների գործին» առնչվում են Ռուսաստանի հինգ քաղաքացիներ, ուրբաթ օրը հաղորդել է Daily Mail-ը:

Թերթը, հղում անելով Միացյալ Թագավորության անվտանգության մարմիններում իր աղբյուրներին, պնդում է, որ մի քանի շաբաթվա ընթացքում ոստիկանությունը ապացույցներ կներկայացնի «Սկրիպալների գործին» առնչվող ևս երկու ռուսաստանցու մասին, որոնք տեղաշարժվել են նախորդ կասկածյալներից առանձին, և նրանց դերը թունավորման միջադեպին «շատ ավելի փոքր է եղել»:

Փոխանցում է Interfax-ը: