08.02.2019 15:10

Գործադիրը հավանություն է տվել կառավարության ծրագրին. այն այսօր կներկայացվի ԱԺ

Գործադիրը հավանություն է տվել կառավարության ծրագրին. այն այսօր կներկայացվի ԱԺ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին, որն այսօր կներկայացվի Ազգային ժողով:

Կառավարության փոխանցմամբ, առաջիկա հինգ տարիներին գործադիրի գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Այդ նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն, մասնավորապես, Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը, կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը, կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև, որ առաջիկայում Ազգային ժողով կներկայացվեն կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը, Հարկային օրենսգիրքը, որը շատ կարևոր նշանակություն ունի այս համատեքստում, ինչպես նաև Հարկային օրենսգրքի համատեքստից բխող մի քանի օրենսդրական նախաձեռնություններ: