09.02.2019 09:00

Աշոտյանը չարաչար սխալվում է, կամ` անիրազեկություն է ցուցաբերում

Աշոտյանը չարաչար սխալվում է, կամ` անիրազեկություն է ցուցաբերում

Արձագանքելով «Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2016 թվականին Արցախում տեղի ունեցած խորհրդակցության շուրջ ապատեղեկատվական գործողություններին», Արմեն Աշոտյանը հայտարարում է.

«Բանակցային գործընթացից եւ քաղաքականությունից մի քանի լուսային տարի հեռու գտնվողների եւ այդ զավեշտը տարածողների թարմ անգրագիտություններին ի պատասխան ընդամենը երկու բան շեշտեմ՝

1. Ադրբեջանը մշտապես մերժել է Մադրիդյան սկզբունքները։

2. Մադրիդյան սկզբունքները կամ նրանց հիման վրա մշակված որեւէ առաջարկություն երբեք չի ստորագրվել» (aravot.am 8.02.2019թ.)։

Ամենեւին մտադրություն չունենալով հիասթափություն պատճառել Աշոտյանին, այլ բացառապես ընթերցողին մոլորության մեջ չգցելու նպատակով ներկայացնում ենք Դ. Մեդվեդեվի, Ի. Ալիեւի եւ Ս. Սարգսյանի կողմից ստորագրված 2008թ. նոյեմբերի 2-ի Մոսկովյան համատեղ հռչակագիրը, որը հերքում է Աշոտյանի զույգ պնդումներն էլ, ինչը ցույց է տալիս, որ նա ոչ թե մի քանի, այլ հարյուրավոր լուսային տարիներ հեռու է բանակցային գործընթացից ու քաղաքականությունից։

Այս կապակցությամբ, անհրաժեշտ ենք համարում, Աշոտյանին հիշեցնել 2008 թվականի նոյեմբերի 2-ի հանրահայտ Մոսկովյան համատեղ հռչակագիրը, ստորագրված նախագահներ Դ. Մեդվեդեվի, Ս. Սարգսյանի եւ Ի. Ալիեւի կողմից.

 

ДЕКЛАРАЦИЯ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ, РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ И РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ

2 ноября 2008 года

Президенты Азербайджанской Республики, Республики Армения и Российской Федерации, встретившись 2 ноября 2008 года в Москве по приглашению Президента Российской Федерации, предметно и содержательно обсудив в атмосфере конструктивности состояние и перспективы урегулирования нагорнокарабахского конфликта политическими средствами, путём продолжения прямого диалога между Азербайджаном и Арменией при посредничестве России, США и Франции в качестве Сопредседателей Минской группы ОБСЕ,

1. Заявляют, что будут способствовать оздоровлению ситуации в Южном Кавказе и обеспечению установления в регионе обстановки стабильности и безопасности путем политического урегулирования нагорнокарабахского конфликта на основе принципов и норм международного права и принятых в этих рамках решений и документов, что создаст благоприятные условия для экономического развития и всестороннего сотрудничества в регионе.

2. Подтверждают важное значение продолжения Сопредседателями Минской группы ОБСЕ посреднических усилий с учётом их встречи со сторонами в Мадриде 29 ноября 2007 года и последующих дискуссий в целях дальнейшей разработки основных принципов политического урегулирования.

3. Соглашаются, что достижение мирного урегулирования должно сопровождаться юридически обязывающими международными гарантиями всех его аспектов и этапов.

4. Отмечают, что президенты Азербайджана и Армении договорились продолжить работу, в том числе в ходе дальнейших контактов на высшем уровне, над согласованием политического урегулирования нагорнокарабахского конфликта и поручили своим министрам иностранных дел активизировать дальнейшие шаги в переговорном процессе во взаимодействии с Сопредседателями Минской группы ОБСЕ.

5. Считают важным поощрять создание условий для реализации мер по укреплению доверия в контексте усилий по урегулированию.

 

Ի դեպ, ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել այս հռչակագրի հանգամանալից վերլուծությամբ, որը անհրաժեշտ ենք համարում վերահրատարակել ստորեւ, ընթերցողի ուշադրությունը հրավիրելով մանավանդ երկրորդ պարբերության վրա.

«Հռչակագրի առաջին իսկ կետը պարունակում է մի մտահոգիչ ձեւակերպում, որի համաձայն՝ «Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա»։ Մտահոգիչը ոչ այնքան «միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին» վերաբերող դիվանագիտական նրբասացությունն է, որքան «դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի» հիշատակումը։ Վերջիններիս տակ, անկասկած Ադրբեջանի պահանջով, նկատի են առնված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 62/243 եւ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 1614 բանաձեւերը, որոնցում ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահանջվում հայկական զորքերի անվերապահ դուրսբերումը Ղարաբաղին հարակից ադրբեջանական տարածքներից։

Մոսկովյան հռչակագրի 2-րդ կետում միանշանակորեն արձանագրված է, որ Ղարաբաղյան կարգավորման հիմքում ընկած է լինելու Մինսկի խմբի համանախագահության 2007թ. նոյեմբերի 29-ի Մադրիդյան առաջարկը։ Քանի որ այդ առաջարկի բովանդակությունը ես մանրամասնորեն ներկայացրել եմ հոկտեմբերի 17-ի իմ ելույթում, հարկ չեմ համարում վերստին անդրադառնալ դրան։ Հիշեցնեմ միայն, որ Մադրիդյան առաջարկի գաղափարախոսությունը միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ներդաշնակումն է։

Հռչակագրի նախաբանում եւ 4-րդ կետում, որոնցում խոսվում է Ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող ուղղակի երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին, փաստորեն սահմանվում է հակամարտության կողմերի նոր ձեւաչափ։ Հռչակագիրն, այսպիսով, վերջնականապես թաղում է ԵԱՀԿ-ի 1994թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի ընդունած որոշումը, որով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչվել էր որպես հակամարտության երրորդ լիիրավ կողմ։ Իսկ դա նշանակում է, որ ԼՂՀ-ն որեւէ դերակատարություն չի ունենալու իր բախտը վճռող բանակցությունների հետագա գործընթացում։

Մոսկովյան հռչակագրի ամենակարեւոր արդյունքը, սակայն, պետք է համարել այն, որ նոր ձեւաչափով սահմանված հակամարտող երկու կողմերը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, ստորագրելով այդ փաստաթուղթը, պաշտոնապես իրենց համաձայնությունն են տվել Մադրիդյան առաջարկին, ինչը աննախադեպ իրադարձություն է Ղարաբաղյան կարգավորման ողջ գործընթացում։ Խնդիրն այն է, որ Մինսկի խմբի համանախագահության նախորդ երեք պաշտոնական առաջարկները, այսինքն՝ «Փաթեթային», «Փուլային» եւ «Ընդհանուր պետության» տարբերակները, չեն արժանացել հակամարտող կողմերի միահամուռ հավանությանը եւ այդ պատճառով հանվել օրակարգից։ «Փաթեթային» եւ «Փուլային» տարբերակները մերժվել են Ղարաբաղի, իսկ «Ընդհանուր պետության» տարբերակը՝ Ադրբեջանի կողմից։ Մոսկովյան հռչակագրի տակ դրված Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ, այսպիսով, ազդարարված է Ղարաբաղյան կարգավորման ավարտական փուլի սկիզբը» (Լեւոն Տեր-Պետրոսյան, Վերադարձ, Երեւան, 2009, էջ 306-307)։ 

Ավելացնենք, որ ժամանակն ապացուցեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսման ճշմարտացիությունը, քանի որ Հռչակագիրը դարձավ այսօր բանակցությունների սեղանին առկա Ղարաբաղյան կարգավորման «Կազանյան-Լավրովյան» կոչված միակ առաջարկի հիմքը։

Վարդան Հակոբյան