09.02.2019 09:31

Քոչարյանի կալանքը, Սարգսյանի վախը, Տեր-Պետրոսյանի սպասումը. 1in.am

Քոչարյանի կալանքը, Սարգսյանի վախը, Տեր-Պետրոսյանի սպասումը. 1in.am

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հարցաքննությունը տևել է 1.5 ժամ: Նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասել է, որ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից: 

Այսպիսով՝ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով հասցրել է հարցաքննել Հայաստանի երեք նախկին նախագահներին, որոնք ուղղակի առնչություն են ունեցել ավելի քան տասնամյա վաղեմության իրադարձություններին։ Այս փաստն ինքնին դրական է ու վկայում է այն մասին, որ ՀՔԾ-ն հակված է հանցագործության համապարփակ ու լրիվ բացահայտմանը։

Մյուս կողմից՝ Մարտի 1-ը բազմաշերտ գործոն է, որը պայմանավորում է երեք նախկին նախագահների բարդ ու բազմաշերտ հարաբերությունները, ու հանցագործության լիարժեք բացահայտումն անշուշտ ունենալու է նաև քաղաքական հետևանքներ։

Անշուշտ, տարբեր է երեք նախկին նախագահների դերակատարությունը Մարտի 1-ի գործում, նաև նրանց նախաքննական կարգավիճակը։

Ռոբերտ Քոչարյանն այդ պահին եղել է պետության առաջին դեմքը ու, բնականաբար, հիմնական պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի իրադարձությունների համար․ ի վերջո՝ հենց նա է հրամաններ տվել ուժայիններին, անմիջականորեն ղեկավարել Մարտի 1-ի օպերացիան։ Երկրորդ նախագահը քրեաօլիգարխիկ համակարգը պահպանելու խնդիր էր հետապնդում, իսկ մարտավարական հարթության վրա կոշտ լուծումներով փորձում էր պահպանել հակադրության ռեժիմը՝ հետնախագահական շրջանում համակարգի նկատմամբ իր ազդեցությունը պահպանելու ու Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր կոմպրոմիսը կանխելու համար։ Այս իմաստով՝ նույնիսկ, այսպես ասած, «գաղափարական» առումով Քոչարյանը Մարտի 1-ի հիմնական կազմակերպիչն է ու պատահական չէ, որ նրան մեղադրանք առաջադրվեց ու կալանավորման միջնորդություն ներկայացվեց դեռ առաջին հարցաքննության մեկնարկին։

Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի հիմնական շահառուն է ու առհասարակ՝ եթե չլինեին կեղծված ընտրություններն ու Հայաստանի տասը քաղաքացիների գնդակահարությունը, նա նախագահ դառնալու շանսեր չուներ։ Երկրորդ նախագահը երկու անգամ՝ փետրվարի 1-ին ու երեկ հարցաքննվել է, ընդ որում՝ բավականին երկար։ Սարգսյանն առայժմ վկա է, սակայն նա ներքուստ մտավախություն ունի, թե կարող է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում։ Նրա փաստաբանն այսօր ասել է, թե Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել՝ անուղղակիորեն հավատարմության մեսիջ հասցեագրելով երկրորդ նախագահին։ Ռոբերտ Քոչարյանը վերջին օրերին ակնհայտորեն փորձում է իր վրայից դեն նետել պատասխանատվությունը՝ «փուռը տալով» իր թիմակիցներին։ Սարգսյանը, ըստ ամենայնի, այդ մեսիջը հասկացել է ու Քոչարյանին առաջարկում է միասնական մարտավարությամբ հանդես գալ Մարտի 1-ի գործում։

Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ միանգամայն հակառակ տրամադրություններ են։ Նա փաստաբանի անհրաժեշտություն չունի, որովհետև առաջին նախագահի մոտ բացակայում են վախերը, ռիսկերը։ Հակառակը՝ Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի նոր բացահայտումներից սպասումներ ունի, առնվազն քաղաքական, բարոյական հարթության վրա։ Հանցագործության ամբողջական բացահայտումն ավելի ակներև կդարձնի այն փաստը, որ Տեր-Պետրոսյանը հաղթանակ է տարել 2008-ի նախագահական ընտրություններում ու նրանից հաղթանակը գողացվել է միայն սահմանադրական կարգի տապալման, ընտրությունների տոտալ կեղծման ու տասը քաղաքացիների գնդակահարության հետևանքով։

Սարգիս Արծրունի

1in.am