09.02.2019 14:54

«Ատլետիկո» Մադրիդ-«Ռեալ» Մադրիդ. Խաղից առաջ

«Ատլետիկո» Մադրիդ-«Ռեալ» Մադրիդ. Խաղից առաջ

Մադրիդյան դերբին այսօր կդառնա Իսպանիայի առաջնության հերթական տուրի ամենագլխավոր իրադարձությունը: Այլ հարց է, թե արդյո՞ք կկարողանան այս թիմերն արդարացնել ֆուտբոլասերների սպասելիքները:  

«Ատլետիկոյի» համար սկսվում է խաղային օրացույցի բավականաչափ  լարված ու բարդ մի ժամանակահատված:  Մինչև թուրինյան «Յուվենտուսի» հետ առաջին հանդիպումը Դիեգո Սիմեոնեի թիմն իրար հետևից  երկու մադրիդյան դերբի կանցկացնի, որոնցից առաջինը` սեփական դաշտում «Ռեալի», իսկ երկրորդը`  «Ռեալ Սոսյեդադի» հետ հյուրի կարգավիճակում: Այս հանդիպումներին կհաջորդի «Լեգանեսի» հետ տնային դիմակայությունը, այնուհետև թիմը կմեկնի Թուրին, Բիլբաո և Վիտորիա, որից հետո ընդամենը մեկ քայլ է մնում «Բարսելոնայի» հետ խաղին: Անցյալ հանգստյան օրերին Սևիլիայում  ընդհատվեց «Ատլետիկոյի»`  Լա Լիգայում 18 անընդմեջ առանց պարտությունների անցկացրած հանդիպումների շարքը: «Ներքնակավորները» «Բենիտո Վիլյամարինում» նվազագույն հաշվով զիջեցին «Բետիսին» (0:1)` միակ գոլը բաց թողնելով երկրորդ խաղակեսի միջնամասում,  11 մետրանոց հարվածից: Այսպիսով, Սիմեոնեի թիմի հեռավորությունը «Բարսելոնայից» հասավ 6 միավորի, իսկ «Ռեալը» 2 միավորով կրճատեց տարբերությունը և հաղթանակի դեպքում կարող է առաջ անցնել մերձավոր հարևանից: Այնպես, որ «ներքնակավորները» մոտիվացիայի հետ կապված ոչ  մի խնդիր չեն ունենա, քանի որ հաջողությունը պետք է նաև մրցաշարային դրությունը ամրապնդելու համար: Առաջնության բոլոր 11 տնային հանդիպումներում «Ատլետիկոն» անպայման գոլ է խփել, ընդ որում` ավելի հաճախ դաշտի տերերը սահմանափակվել են 1 գոլով (6 անգամ), 2 անգամ հակառակորդը իր դարպասում գոլ է ընդունել 2 հանդիպման ժամանակ և 3 անգամ էլ` գրանցվել է 3 գոլ:

«Ռեալը» վերջին ժամանակներում հիանալի մարզավիճակում է գտնվում, և հաղթել է Լա Լիգայի 4 հանդիպումներում անընդմեջ:  Ընդ որում` հաղթել են այն թիմերին, որոնք  այս պահի դրությամբ կամ պայքարում են եվրոտարածքում հայտնվելու կամ լավագույն 6-յակում տեղ գտնելու համար («Բետիս», «Սևիլիա», «Ալավես»): Այո, անկասկած, բոլոր առումներով «բլանկոսները» բարելավել են խաղային որակը: Սոլարիի թիմին հաջողվել է կարգավորել և վերակառուցել խաղը,  և արդյունքը բավականաչափ տպավորիչ է: «Ռեալ Սոսյեդադից» կրած տնային անսպասելի պարտությունից հետո մադրիդցիները կարողացել են 7 հաղթանակ տոնել, իսկ  վերջին` «Բարսելոնայի» հետ անցկացրած գավաթային հանդիպման ժամանակ հիանալի տեսք ունեին:  Թիմը կարողացավ կրճատել նաև «Բարսելոնայից» ունեցած հեռավորությունը` այն հասցնելով 8 միավորի: Իրականում  «Վանդա Մետրոպոլիտանոյում» այսօր տեղի ունենալիք հանդիպումը պայքար է 2-րդ տեղի հավակնորդ թիմերի միջև:  Եվ  «բլանկոսների» հաղթանակը լավ նախանշան կլինի Չեմպիոների Լիգայի 1/8-րդ եզրափակչի` «Այաքսի» հետ հանդիպումից առաջ:  

«Ատլետիկոն» նախկինի պես ունի կադրային կորուստներ, սակայն վնասվածք ունեցող ֆուտբոլիստների թիվը մադրիդյան դերբիից առաջ կրճատվել է 2-ով: Շարք են վերադարձել Դիեգո Գոդինը և Սաուլը, որոնց խաղադաշտում պետք է սպասել առաջին իսկ րոպեներից: Հանդիպմանը չեն կարող մասնակցել Դիեգո Կոստան, Ստեֆան Սավիչը և Կոկեն:  «Ռեալի»` վնասվածք ստացած ֆուտբոլիստների թվում են 3-րդ դարպասապահը` Լուկա Զիդանը, Էլ Կլասիկոյի ժամանակ վնասվածք ստացած Մարկոս Լյորենտեն:

Նշենք նաև, որ Սոլարին հայտացուցակում չի ընդգրկել  Իսկոյին: Դիեգո Սիմեոնեն հազիվ թե կազմի հետ կապված փորձարկումներ կատարի և խաղադաշտ դուրս կբերի ուժեղագույններին: Պաշտպանությունում պետք է սպասել Արիաս-Խիմենես-Գոդին-Լուկաս քառյակին, կիսապաշտպանությունում` Կորեային, Ռոդրիգոյին և Սոուլին, հարձակման գծում` Գրիզման-Մորատա զույգին: Ինչ վերաբերում է  «Ռեալի» կազմին, ապա  Էլ կլասիկոյից այն կտարբերվի միայն  այնքանով, որ  կվերադառնա Կուրտուան, Մարսելոյի փոխարեն խաղադաշտ դուրս կգա Ռեգիլոնը, Կազեմիրոն կփոխարինի Լյորենտեն: