11.02.2019 15:01

Թուրքիան Չինաստանից պահանջում է փակել ույգուրների «համակենտրոնացման ճամբարները»

Թուրքիան Չինաստանից պահանջում է փակել ույգուրների «համակենտրոնացման ճամբարները»

Թուրքիան Չինաստանին կոչ է արել փակել մուսուլման-ույգուրների ժամանակավոր պահման կենտրոնները՝ Պեկինին մեղադրելով խոշտանգումների և «ուղեղների լվացման» մեջ: Թուրքական ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ մեկ միլիոնից ավելի թյուրքալեզու  ույգուրներ անհիմն կերպով կալանավորվել  և պահվում են «համակենտրոնացման ճամբարներում և բանտերում»:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Համի Ակսոյը պարզաբանել է, որ Անկարան ույգուրների վիճակի հարցը բարձրացրել է անազատության մեջ գտնվող հայտնի ույգուր երգիչ Աբուրեհիմ Հեյիթի մահվան մասին հայտարարվելուց հետո: Այդ լուրը, պաշտոնական ներկայացուցչի խոսքով, վրդովել է թուրք հանրությանը և ուշադրությունը բևեռել մարդու հիմնարար իրավունքների խախտումների ուղղությամբ:

Չինաստանի պետական ռադիոն, սակայն, հանդես է եկել երաժշտի մահվան վերաբերյալ լուրի հերքմամբ և հրապարակել է տեսահոլովակ, որում Հեյիթին նմանվող մի մարդ պատմում է, որ ինքը լավ է, և իր նկատմամբ մեղադրանք է հարուցվել ինչ-որ քրեական գործով:

Չինաստանին բազմիցս մեղադրել են ույգուրների զանգվածային հետապնդումների մեջ: ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման հարցերով հանձնաժողովը հաշվել է, որ տասնյակ հազարներից մինչև երկու միլիոն մուսուլմաններ կալանավորվել ու պահվում են գաղտնի ճամբարներում:

Փոխանցում է euronews.ru-ն: