11.02.2019 16:45

Արսեն Գրիգորյան. Հակաիմաստունը

Արսեն Գրիգորյան. Հակաիմաստունը

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան ստատուսով ծաղրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին, որն ադրբեջանական լրատվամիջոցին հարցազրույց է տվել եւ խոսել է արցախյան հակամարտությանն լուծման ուղիների մասին։

Լեւոն Զուրաբյանը պնդել է հակամարտության կարգավորման փոխզիջումային ճանապարհը։ Սոֆյա Հովսեփյանը անմիջապես «որսացել» է հող հանձնելու «ոգին»։ Մենք ակնհայտորեն խնդիր ունենք պատգամավորի ընկալման հետ։ Ուշադիր, ինչպես ինքն է ասում, կարդալ հարցազրույցը եւ այնտեղ հող տալու ակնարկ անգամ գտնել՝ մեծ համարձակություն է։ Պատգամավորի ընկալումները պետք է մտահոգեն խմբակցությանը եւ գուցե նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պատգամավորը հողերը պահպանելու կարեւորությունը բացատրում է նրանով, որ ինքը «մանկություն է զոհաբերել»։ Հիմա պատկերացրեք. եթե հայերը հողեր են գրավել, ու ինքը արդյունքում մանկություն է կորցրել, հողերը հանձնելու դեպքում էդ մանկությունը չի վերադառնա՞։ Ի՞նչ անենք, որ մարդիկ արցախյան հակամարտությունը չտանեն ու «բանտարկեն» իրենց ձախողված մանկության մեջ։ Ի՞նչ անենք, որ հասկանան՝ մարդիկ «ավելի մեծ ու տեւական մանկության» համար են պայքարել, ու դա պատերազմից հետո ծնվածների ու ապրածների մանկությունն է։

Տիկին Հովսեփյանը պնդում է, որ մենք պետք է բանակցենք միայն առաջ չգնալու շուրջ։ Այս պնդումը նա արդեն արել է լրատվամիջոցներից մեկին։ Ըստ իս, «Իմ քայլը» խմբակցությունը եւ Քաղաքացիական պայմանագիրը հրատապ մտածելու բան ունեն։ Սոֆյայի ֆեյսբուքյան համոզմունքը արժանացել է նրանցից մի քանիսի հավանությանը։ Նրանք չեն ուզում ըմբռնել «բանակցություն» հասկացությունը։ Սոֆյան ասում է՝ խաղաղությունը պետք է պարտադրել, ոչ թե խնդրել։ Իսկ պարտադրել ասելով՝ նա հասկանում է բանակցային «հաթաթան»։ Այսինքն՝ Իլհամ, հանգիստ նստիր տեղդ եւ բավարարվիր այն կորուստներով, որ կրել ես հիմա։ Այսինքն՝ նրանք առկա վիճակը համարում են կապիտուլյացիա՝ այն տարբերությամբ, որ կողից բանակցում են։ Հիմա ու՞մ բացատրես, որ բնության մեջ բանակցություններն ու կապիտուլյացիան երբեք միաժամանակ չեն եղել, մեկով փակվում է մյուսի թեման։

Սոֆյան համոզված է, որ Ադրբեջանի հետ մեր հիմնական խնդիրն այն է, որ այդ երկիրը չի հաշտվում կապիտուլյացիայի մտքի հետ։ Բայց ահա թե ինչն է հարցը՝ պատգամավորը ունի իր քաղաքական թիմից նշանակված արտգործնախարար, խորհրդարանում ունի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, որոնք հաստատ գիտեն, թե ինչ թնջուկ կա Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ։ Որեւէ դատողություն անելուց առաջ ավելի լավ է նրանցից տեղեկանալ, թե «հնարավո՞ր են բանակցություններ՝ առանց փոխզիջումային լուծումների»։

Այլ բան է, թե դու ինչ ցանկություններ ունես, եւ այլ բան է, թե ինչի շուրջ են բանակցությունները։ Հենց բանակցություններն են ցանկացած գաղափար հղկում մինչեւ երկու կամ երեք կողմի համար ընդունելի տարբերակի։ Դու կարող ես ամենաարմատական եւ անհավանական գաղափարներով մոտենալ  բանակցությունների սեղանին, բայց դա միայն էն դեպքում, երբ քո զրուցակիցը պետություն չի ներկայացնում, եւ ընդհանրապես նրա թիկունքին կամ նրա մեջ բանականություն չկա։ Այդպիսի բանակցություններ չեն լինում։ Եվ սեղանին մոտեցողները գիտեն դա։ Իսկ ով հեռու է սեղանից, թող իմաստուն լինելու այլ թեմա փնտրի։