11.02.2019 18:49

Լիզա Ճաղարյան. Չհայտնելը կոծկել է նշանակում

Լիզա Ճաղարյան. Չհայտնելը կոծկել է նշանակում

Բոլորս էլ տեսնում ենք՝ հեղափոխական ալիքի վրա իշխանության հասած նորերի նկատմամբ ուշադրությունը, հենց հեղափոխականների սիրած բառով ասեմ՝ աննախադեպ է։ Քսան տարի շարունակ երկիրը թալանողներն ու այլեւայլ հանցագործություններ կատարողները, սրանց կուտակած թալանից շռայլորեն օգտվող սազանդարները, վարձկան ֆեյքերը խոշորացույցն առած ակնդետ հետեւում են նորերի յուրաքանչյուր քայլին ու բառին... Սրանց արհամարհելն ու սրանց բերաններից դուրս եկած ցանկացած քննադատության վրա քմծիծաղելն ու հեգնելը հեշտ գործ է։ Եթե նույնիսկ ճիշտ քննադատություն է, հանրության հեգնանքը հասկանալի է եւ նույնիսկ արդարացի, որովհետեւ ո՞նց չհեգնես, եթե գողն աղաղակում է, թե ինչ վատ բան է գողությունը, մարդասպանն էլ՝ թե ինչ զարհուրելի ոճիր է մարդասպանությունը, իսկ ողջ կյանքը սեփական ճանապարհը օճառի օգնությամբ հարթած հավերժ «կոմսոմոլը» բարբաջում է անաչառության եւ ուղղամտության մասին։

Բայց նոր իշխանությունների սայթաքումների, սխալների մասին, բարեբախտաբար, միայն այս թայֆաները չեն բարձրաձայնում։

Հենց այն նույն հանրությունը, որ ամեն կերպ աջակցել է նորերին, նույնպես կույր չէ՝ ե՛ւ սայթաքումներն է տեսնում, ե՛ւ  սխալները։ Տեսնում է եւ ահազանգում։ Մեկ տարբերությամբ՝ չի չարախնդում։ Չի երազում, որ նոր իշխանությունը տապալվի։ Հակառակը՝ ահազանգում է սխալների մասին, որ դրանք չկրկնվեն։ Սա գնահատում եւ գիտակցու՞մ են իշխանությունները։ Սխալների բարձրաձայնումներին իշխանությունների արձագանքները համարժեք են ու տրամաբանվա՞ծ։

Հիմա ամենաթարմ եւ ամենացավոտ թեմային անդրադարձով պատասխանենք այս հարցերին։ Լրատվամիջոցներից մեկն այսօր գրել է, որ 2019 թվականի հունվարի 1-ի գիշերը հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը եւ նույն օրվա առավոտյան մահացել է, եւ այս բոթը ՊՆ-ն թաքցրել է հանրությունից։  Հիշեցնեմ՝ այսօր փետրվարի 11-ն է։ Երեք երեխաների հայր զինծառայողի մահից հետո անցել է մեկ ամիս եւ տասը օր, եւ հանրությունը դրա մասին տեղեկանում է ինչ-որ լրատվամիջոցի միջոցով, ոչ թե ՊՆ հաղորդագրության։ Համամի՞տ են ՊՆ պատասխանատուները, որ սա աննախադեպ եւ դատապարտելի փաստ է։ Համամիտ լինեն-չլինեն՝ բոլորս էլ գիտենք, որ նման բան երբեք չի եղել, ամենավատ իշխանությունն անգամ չի թաքցրել նման գույժերը։ Թաքցրե՞լ են իրական մարդասպաններին։ Որքան ուզեք։ Բայց սահմանին զոհված, «անհայտ հանգամանքներում» սպանված կամ «ինքնասպանված» զինվորի մասին բոթը չեն թաքցրել։

Ի՞նչ է ասում «Ազատությանը» ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Ասում է.  «Չհայտնելը դեռ կոծկել չի նշանակում, եթե կոծկելու միտում ունենայինք, միգուցե լուրը ընդհանրապես չէր հայտնվի, կամ որ հայտնվեր, չէինք խոստովանի, կամ, չգիտեմ, ինչ-որ մի նման բան»։ Հիշեցնեմ՝ բոթը ՊՆ-ն չի հայտնել։

Tert.am-ի հարցին էլ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը պատասխանել է. «Եթե այդ ժամանակ զինվորի մահվան մասին տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝ քննությանը խանգարեր։ Նախաքննություն է ընթանում, և հանգամանքները ճշտելու կարիք կա։ Մենք չգիտենք՝ ինչ հանգամանքներում է եղել դեպքը»։

Այսպիսի խախուտ «հիմնավորումներ» երբեւէ չենք լսել, բայց հիմա լսում ենք։ Ինչու՞։ Պատասխանը պարզ է. որովհետեւ գիտեն, որ մեծ սխալ են թույլ տվել, բայց չգիտեն՝ ինչպես արդարանալ։

Գրեթե ամիսուկես է անցել, եւ Բալայանի պնդումը, թե՝ «հաշվի առնելով որոշակի հանգամանքներ՝ այս պարագայում քննությանը կխանգարեր» կամ Արծրուն Հովհաննիսյանի՝ «չհայտնելը դեռ կոծկել չի նշանակում» դեմագոգիան ընդամենը նշանակում է՝ անմեղսունակի տեղ դնել հանրությանը։ Էլ չասեմ, որ հասարակությունից թաքցնելով՝ քննությանը ոչնչով չեն օգնել, մինչ օրս քննությունը չի պարզել, թե ինչպես է սպանվել պայմանագրային զինծառայողը։

Իսկ հնարավո՞ր էր ասել՝ մեծ սխալ ենք գործել, օրինակ ասել՝ Ամանորի գիշեր էր, չենք ցանկացել այդ օրը հանրության տոնական տրամադրությունը փչացնել, հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը, այլեւս երբեք նման բան չի կրկնվի։ Հնարավո՛ր էր, եթե նոր իշխանություններն այսքան շուտ չմոռանային, որ իրենց հաջողության գրավականները եղել են անկեղծությունն ու շիտակությունը, եւ հենց այդ անկեղծությունն ու շիտակությունն են գնահատել ՀՀ քաղաքացիները՝ իրենց ուսերի վրա նորերին իշխանության գահին մոտեցնելիս։ Եվ եթե այս երկու սյուները խարխլվեն միայն այն պատճառով, որ նորերն էլ են որոշել Անսխալականության հագուկապուստով ներկայանալ հանրությանը, Հայաստանի քաղաքացիների լավատեսությունից հետք անգամ չի մնալու։

Հիմա էլ ուշ չէ, որ սա հասկանաք։

Դեռ ուշ չէ։