12.02.2019 09:04

Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի ստախոսությունը սահման չունի

Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի ստախոսությունը սահման չունի

Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի վարկածը` մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, հետևյալն է.

Նստացույցի մասնակիցների վրաններում հրազենի և նռնակների մասին նախապես ձեռք բերված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանությունը վաղ առավոտյան, ՀՀԿ-ի կարկառուն տեսաբան Շմայսի բնորոշմամբ, «շնորհքով ներխուժել է հրապարակ» և քաղաքավարի խնդրել ցուցարարներին` թույլ տալ օրենքով սահմանված կարգով զննություն կատարել վրաններում: Բայց երբ, դրան ի պատասխան, մահակներով, ձողերով ու քարերով զինված օրինախախտ քաղաքացիները հարձակվել են ոստիկանների վրա, վերջիններս ստիպված են եղել բռնություն կիրառել նրանց նկատմամբ:

Այս վարկածի հիմքը դրել է ոչ այլ ոք, քան ինքը` Ռոբերտ Քոչարյանը, 2008թ. մարտի 1-ի իր ասուլիսում. «Ինն օր շարունակ չարտոնված հանրահավաքներ էին կազմակերպվում Երևանում, և դրանց բովանդակությունը, անցկացնելու ոճը բերեց նրան, որ վերջապես հրահրվեցին ընդհարումներ ոստիկանության հետ: Ոստիկանության օրինական պահանջին դիմադրեցին, իսկ պահանջն ընդամենը խուզարկության խնդիր էր, քանի որ լուրջ տեղեկություն կար զենքի և զինամթերքի մասին» (տես Լ. Տեր-Պետրոսյան, Վերադարձ, 2009, էջ 228):

Իրականում, սակայն, գործ ունենք  կատարյալ ստախոսության բացառիկ մի դրսևորման հետ, քանի որ հետին թվով մոգոնված այս վարկածը, ի խոր հիասթափություն Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի, փլուզվում է պաշտոնական մի փաստաթղթով: Խոսքը վերաբերում է հենց 2008թ. մարտի 1-ին քննիչ Վահագն Հարությունյանի կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշմանը, որի համաձայն` ոստիկանությունը Ազատության հրապարակ է ժամանել ոչ թե զննություն կատարելու, այլ «սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները հարկադիր դադարեցնելու նպատակով»:

Կարևորելով այս փաստաթուղթը, հարկ ենք համարում այն ներկայացնել ամբողջությամբ` նրա վրա հրավիրելով թե ընթերցողի, և թե մանավանդ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ուշադրությունը:

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

01 մարտի 2008                                                                                                   Քաղ. Երևան 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանս, քննարկելով ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա աջակիցների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային հրապարակային միջոցառումներ կազմակերպելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ նյութերը,

 

 Պարզեցի

 

2008 թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը,  ՀՀ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և այլոք, օրենքով սահմանված կարգի խախտմամբ Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել և անցկացրել են զանգվածային հրապարակային միջոցառումներ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող միջոցառումները դադարեցնելու վերաբերյալ որոշումների պահանջներին չենթարկվելու կոչեր են արել, իսկ զանգվածային միջոցառման մի շարք մասնակիցներ ապօրինի պահել և կրել են ապօրինի ձեռք բերված զենք և զինամթերք:

 

2008 թ. մարտի 1-ին, ժամը 06-ի սահմաններում, սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից  «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ հարկադիր դադարեցնելու նպատակով ձեռնարկված միջոցառումների ընթացքում, միջոցառման կազմակերպիչները և մասնակիցները չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, նախապես իրենց մոտ պահվող մահակների, մետաղաձողերի և այլ հարմարեցված գործիքների գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ` ՀՀ ոստիկանության աշխատակիցներին պատճառելով տարբեր աստիճանների ծանրության մարմնական վնասվածքներ:

 

Վերոգրյալի հիման վրա և նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին և երկրորդ մասերով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 55-րդ, 175-176-րդ, 180-182-րդ, 187-րդ, 191-192-րդ հոդվածներով`

 

Որոշեցի

 

1. ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա աջակիցների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային հրապարակային միջոցառումներ կազմակերպելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ նյութերով հարուցել քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշերով, ընդունել վարույթ և ձեռնարկել նախաքննություն:

 

2. Սույն որոշման պատճենը հանձնել ՀՀ գլխավոր դատախազին:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ` Վ. Հարությունյան  (Վերատպված «Մարտի 1-ի ոճրագործությունը, 2-րդ հրատարակություն, Երևան, 2018» գրքից, էջ 203-204):

 

iLur.am