13.02.2019 00:30

Ռաֆայել Թեյմուրազյան. Կեղծիքի մեքենան անխափան շարունակում է աշխատել

Ռաֆայել Թեյմուրազյան. Կեղծիքի մեքենան անխափան շարունակում է աշխատել

Ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆայել Թեյմուրազյանը գրում է.

«6-700 տարվա մեջ առաջին անգամ մի սերունդ անհավանական պայմաններում, հակառակ բոլոր դժվարություններին, հաղթող է դուրս եկել քանակով 3, իսկ զենքով՝ 30 անգամ գերազանցող հակառակորդի հետ առճակատման ժամանակ՝ ռազմական (ոչ թե բարոյական) հաղթանակով ընդլայնելով տարածաշրջանում հայկական վերահսկողության շրջանակը։ Թվում է, թե հպարտանալու ի՜նչ անսպառ աղբյուր պետք է լիներ արցախյան հաղթանակը։ Բայց մարդկանց հետևողականորեն զրկել են դրանից, թույլ չեն տվել վայելել իրենց ուժը, որովհետև

ա/ չէր կարելի թույլ տալ, որ քաղաքական հակառակորդի հետ ասոցացվեր նման մասշտաբի հաջողություն, և 
բ/ եթե մարդիկ հասկանան, «եթե մենք հաղթեցինք Ադրբեջանին, ապա ինչն է մեզ խանգարում հաղթել Ռ. Քոչարյանին ու Ս. Սարգսյանին» տրամաբանությունը, այդ մարդկանց դեմն առնել չի լինի։

Այս նպատակով պետական քարոզչամեքենան 20 տարի շարունակ զբաղված է եղել մեր նորագույն պատմությունը կեղծելով ու պետականության հիմնադրույթներն արժեզրկելով։

Պետականության հիմնադրույթների ու արժեքների հետևողական արժեզրկման հետևանք է, օրինակ, որ հիմա մի օր կանգնում են, թե՝ հիմնը փոխենք, դրոշը փոխենք, որովհետև վեհությունն այն չէ կամ հպարտություն չի ներշնչում։ Եթե մարդ սխրանքի իր բաժինը փոխում է ոչնչի հետ, ինչ հիմն էլ լինի՝ վեհություն ու հպարտություն չի ներշնչելու, որովհետև դրանք երգից կամ ինչ-որ գույներից չեն բխում։ Այդ զգացողություններն արժեհամակարգից բխող բաներ են։ Եվ եթե արժեհամակարգը կարագի ու երշիկի արանքում են տեղավորել, հիմնը կամ դրոշն արդեն անզոր են։

Զորավորը կրթական ավերված համակարգի հիմնանորոգումն է։ Սա շատ դժվար ու դանդաղ պրոցես է, ոչ միայն այն պատճառով, որ կրթական բարեփոխումների արդյունքն օբյեկտիվորեն ուշ է երևում, այլև որ կրթական ոլորտի մի զգալի հատված հենց ինքն է դիմադրելու դրան։ Օրինակ՝ վերոնշյալ քարոզչության զոհ պատգամավորուհիներից մեկը երկար տարիներ աշխատում է դպրոցներից մեկում, բայց նրա՝ մի քանի տողանոց ամեն գրառում լողում է ուղղագրական ու կետադրական սխալների մեջ։ Տիկինը ներկայանում է որպես հոգեբան, բայց մարդկանց հետ շփվելիս բարեկրթության նվազագույն չափանիշներն անգամ չի պահում։ Պարզ չէ՞, որ դիմադրելու է կրթական ցանկացած բարեփոխման։

Իսկ կրթական բարեփոխումներն ուշանում են։ Ավելին, կեղծիքի մեքենան անխափան շարունակում է աշխատել. երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի պաշտոնում վերընտրվել է տասնամյակների պետական կեղծիքի ճարտարապետներից Էդիկ Մինասյանը։ Ռ.Քոչարյանը բանտում է, ՀՔԾ-ն ապացույցները կեղծելու, սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքներ է ներկայացնում, իսկ երեխաները շարունակում են «սովորել», թե ինչպես է հարբած ու զոմբի ընդդիմությունը զինված և հոգեխանգարված հարձակվել խեղճ ոստիկանների վրա։

Պետք չէ ժամանակ կորցնել, արագ է պետք գործել, քանի դեռ կա վստահության մեծ պաշար։ Տպավորություն է, որ գործելու փոխարեն առայժմ զուտ մսխվում է այդ պաշարը։

Պետական մասշտաբով մեր նորագույն պատմությունը կեղծելու, պետականության հիմնադրույթներն արժեզրկելու քաղաքականության դեմ անցած 20-ամյակում անձամբ Ն.Փաշինյանը հսկայական աշխատանք է տարել։ Շատ մարդիկ, ինչպես մի քանի օր առաջ արձանագրեց Արտակը, կրթվել են «Հայկական ժամանակ» օրաթերթով։ Այլ հարց է, թե ինչու է այսօր վարչապետը շատ դեպքերում նախընտրել հենվել ոչ թե իր իսկ կրթած, այլ՝ Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի «պատրաստած» կադրերի վրա։»