13.02.2019 13:46

Չտրվել չինովնիկների շանտաժներին

Չտրվել չինովնիկների շանտաժներին

Երեկ ԱԺ-ում մեկնարկած կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին ուշագրավ հայտարարություն է արել:

«Հայաստանի պետական կառավարման համակարգում ծրարներով աշխատավարձ տալու ավադույթը միշտ ներկա է եղել:  Այս վեճը իմ և համակարգի միջև  սկսվել է մայիսից, և ամենակարևոր ահազանգը, որ ես լսում եմ նման գործողությունների արդյունքում, հետևյալն է՝ իսկ արդյո՞ք մենք հաշվել ենք, թե նման գործողությունները պետական բյուջեի եկամուտների հավաքագրման համար ինչ ռիսկեր կառաջացնեն, այդ թվում՝ թոշակառուների թոշակները վճարելով: Բայց չէ՞ որ ասում են, որ 90 տոկոսն այդ պետական կառավարման համակարգում նույն մարդիկ են: Եվ մենք գալիս ենք և առաջին գործով նրանց եկամուտները, վարձատրությունը 50,60,70 տոկոսով կրճատում ենք: Այդ մարդուն առնվազն կաշառքից զրկում ենք, նալոգ  հավաքելուց զրկում ենք, աշխատավարձն իջեցնում ենք, ասում ենք՝ գնա հարկեր հավաքի , ասում է՝ չեմ հավաքում, ընդհակառակը՝ չեմ հավաքի հարկեր, որ ձեր հեղափոխական կառավարությունը չկարողանա պետական բյուջեի եկամուտները հավաքի, չկարողանա թոշակ, աշխատավարձ վճարի, որ բունտ լինի: Իմիջիայլոց, հակահեղափոխություն որ ասում են, դա շատ կոնկրետ պարամետրեր ունի: 2018 թվականի մայիսից առաջին խնդիրը,  և սա ասում եմ օպերատիվ տեղեկատվությանը տիրապետելով, որ, համենայնդեպս, ինձ մատակարարվել է օպերատիվ ծառայությունների կողմից, ամենաառաջին խնդիրը եղել է այն, որ բյուջեի եկամուտները չհավաքագրվեն, որովհետև այդ համակարգում  90 տոկոսով , իրենց պատկերացմամբ  եղել են իրենց մարդիկ: Եվ հեղափոխության ձախողումն ապացուցելու ամենակարճ ճանապարհը որ՞ն է՝ այո, մարդիկ 2018 թվականի հունվարին վատ էին ապրում, դժգոհ էին, բայց գոնե թոշակ էին ստանում, ցածր, բայց ստանում էին, գոնե աշխատավարձ էին ստանում, ցածր, բայց ստանում էին: Պատկերացրեք, այս 7 ամսվա ընթացքում մեկ էլ պարզվեր, որ բյուջեն չի հավաքագրվել, և հնարավոր չէ թոշակ տալ: Կարո՞ղ էր լինել այդպիսի սցենար, իհարկե կարող էր, աշխատո՞ւմ էին ոմանք, որ այդպիսի սցենար լիներ, իհարկե աշխատում էին:  Քաղաքական այլ ենթատեքստ չտաք, բայց եկեք գնանք ուշադիր հեռազոտենք, թե Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամենաշատ ձայները որտե՞ղ է հավաքել՝ այն տեղերում, որտեղ կա այս պահին որոշ համակարգերում գործող պետական պաշտոնյանների որոշակի համակենտրոնացում: Ահա այդ տեղերում է Հանրապետական կուսակցությունն ամենաշատ ձայները հավաքել: Եվ եթե ուզում եք իմանալ, որ մեր կառավարությանը շատ դեպքերում նաև քննադատում են նման դեպքերի համար՝ կառավարությունը, այո, շատ դեպքերում նույնիսկ ստիպված է եղել ինչ-որ առումով փրկագին վճարել, որպեսզի այդ դրսևորումները կարողանա և հնարավորություն ունենա կառավարել: Որովհետև եթե թոշակառուն  7- 10 ամսվա ընթացքում թոշակ  չստանար,  իրեն չէին հետաքրքրի դրա պատճառները»,- հայտարարել է Փաշինյանը:

Սա իսկապես լուրջ հայտարարություն է, բայց ոչ թե բովանդակության մասով, որովհետեւ ի սկզբանե ակնհայտ էր՝ տարիներ շարունակ ոչ օրինական ճանապարհներով գումարներ աշխատած և նախկինների հետ սերտ կապեր պահպանած շատ մարդիկ, բնականաբար, չէին ցանկանում, որ երկրում իրավիճակ փոխվի, եւ իրենք ստիպված լինեն այլեւս աշխատել օրինական ճանապարհով, ապրեն՝ ինչպես մյուսները՝ բացառապես օրինական եկամուտներով։ Եւ բնական է, որ հատկապես պետական կառավարման օղակներում աշխատող այդ մարդիկ բոլոր հնարավոր մեթոդներով դիմադրելու են, որպեսզի նոր իշխանությունը տապալվի:

Իսկ լուրջ է այն, որ երկրի ղեկավարն այդ մասին բարձրաձայնում է հրապարակավ՝ նշելով, որ իշխանությունները ստիպված են եղել անգամ որոշակի փրկագին վճարել այդ մարդկանց՝ այսինքն, որոշակի պարգեւավճարների եւ հավելյալ վճարների տեսքով փոխհատուցի այդ անձանց, որպեսզի նրանք աշխատեն եւ չձախողեն բյուջեի հավաքագրումները եւ, փաստացի՝ իշխանություններին:

Այն, ինչ մատնանշում է վարչապետը, հասկանալի է: Բայց կարճաժամկետ առումով: Այո, գուցե կարճաժամկետ խնդիրները լուծելու համար կառավարության՝ ստիպված կոմպրոմիսի գնալը անհրաժեշտություն էր: Բայց երկարաժամկետ առումով կառավարությունը «շանտաժիստների» հետ կոմպրոմիսների գնալու իրավունք չունի: Որովհետեւ սա այն դեպքը չի լինելու, որ նպատակն արդարացնելու է միջոցները: Որովհետեւ շարունակական կոմպրոմիսների գնալու դեպքում կառավարությունը տուժելու է նույնքան, որքան կտուժեր՝ կոմպրոմիսների չգնալու դեպքում: Որովհետեւ եթե կառավարությունը կադրային, կառուցվածքային ու ծրագրային փոփոխություններ չանի այս հարցում եւ իր պատկերացրած ու հայտարարած խաղի արդյունավետ կանոնները չհաստատի, «շանտաժիստները» մսխելու են իշխանությունների բարձր վարկանիշը: Սա որևէ պարագայում չի ենթադրում պետական համակարգի և չինովնիկական դասի դեմոնիզացիա։ Ամենևին։ Համակարգին պետք է ներկայացվեն հստակ սկզբունքներ և հեռանկարներ, որտեղ չինովնիկական դասը կտեսնի և՛ արդյունավետ աշխատանքի առավելություններն ու մոտիվացիաները, և՛ սաբոտաժի դաժան հետևանքներն իր համար։ Առավելությունները կլինեն աշխատավարձի բարցրացումն ու նույն պարգևավճարների բանական չափաբաժնի տրամադրումը, իսկ սաբոտաժի պարագայում՝ աշխատանքից հեռացումն ու հնարավոր իրավական պատասխանատվությունը։ Եվ սա պետք է լինի հենց կառավարությա՛ն նախաձեռնությունը, այլ ոչ թե արձագանքը չինովնիկական դասի շանտաժին։

Այլապես շարքային քաղաքացիների մոտ ահագնանալու է անարդարության զգացումը։ Մարդիկ կարող են հասկանալ, երբ կառավարությունը, այլ հեռանկարային լուծումներ ներդնելուց առաջ, միանվագ զիջումներ է անում չինովնիկական քողարկված սաբոտաժին՝ հանուն նույն մարդկանց: Բայց եթե այն այլեւս միանվագ չլինի, բացի նրանից , որ դա բերելու է վստահության կորստի, այլև վտանգավոր նախադեպերի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Հետեւաբար, կառավարությունն այսօր այս հարցում միայն մեկ անելիք ունի՝ անհրաժեշտության դեպքում գնալ ոչ պոպուլյար քայլերի եւ զսպել չինովնիկական խավի ախորժակը, այո, որոշակիորեն բարձրացնելով նրանց աշխատավարձերը, բայց կիրառելով մտրակի ու բլիթի քաղաքականությունը՝ թույլ չտալով, որ չինովնիկները քաղաքականություն թելադրեն իշխանություններին: Պետական համակարգ և քաղաքական իշխանություն հարաբերությունները պիտի լինեն գործակցության, ոչ թե ուլտիմատումների հիմքի վրա։

Քաղաքացին պետք է տեսնի, որ որեւէ մեկը ընտրված իշխանությունների հետ չի կարող շանտաժի լեզվով խոսել: Որպեսզի դա չինովնիկական խավի մոտ «խասյաթ» չդառնա:

iLur.am